Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Աղքատությունը վերացնելով, կվերացնեք հուսահատությունը»


«Հայաստանում աղքատությունը վերացնելով, դուք կվերացնեք հուսահատությունը», - Վաշինգտոնում ամերիկահայերին դիմելով, ասել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Դուք հեռանկար ու հնարավորություններ կբացեք մեր հասարակության ամենախոցելի շերտերի համար: Հույսը, հավատն ու վստահությունը վերափոխում են տնտեսապես հարուստ քաղաքացիներին՝ դարձնելով նրանց քաղաքականապես ուժեղ քաղաքացիներ: Եվ նրանք են, որ լավագույնս կպաշտպանեն իրենց քվեն, իրենց ձայնն ու իրենց իրավունքները հանրահավաքներում, ընտրություններում եւ կառավարման ողջ գործընթացում», - հավաստիացրել է Վարդան Օսկանյանը հայկական հարցերին նվիրված համաժողովի մասնակիցներին:

Համաժողովը երեկ Վաշինգտոնում կազմակերպել է Ամերիկայի հայկական համագումարը:

Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստան-սփյուռք հաջորդ համաժողովում մեկնարկելու է «Գյուղական վայրերում աղքատության վերացման» ծրագիրը, որը Վարդան Օսկանյանն անվանել է «Մարշալի ծրագիր Հայաստանի համար»:

«Այս ծրագրով մենք սփյուռքում կդիմենք յուրաքանչյուր անհատի, կազմակերպության, եկեղեցական հոտի, ընտանիքի ու բիզնեսի եւ ձեր մասնակցությունը կհայցենք: Ձեր ժամանակը, ձեր դրամը, ձեր փորձառությունն ու ձեր կապերը՝ դրանց բոլորի կարիքը կլինի, որպեսզի ենթակառուցվածքները վերակառուցվեն ու գյուղը վերագտնի իրեն», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG