Մատչելիության հղումներ

Խաղալիքների աշխարհում


Հոգեբաններն ասում են,որ խաղալիքները միայն երեխաներին զբաղեցնելու միջոց չեն, այլ դրանք փոքրիկներին սեփական որոշումներ ընդունելու եւ գործելու առաջին հնարավորություններն են ընձեռում:

Մինչեւ երկու-երեք տարեկանը, այսինքն՝ մինչեւ սեռական առանձնահատկությունների դրսեւորումը, բոլոր երեխաներն էլ նույն խաղալիքներով են խաղում, իսկ դրանից հետո իր դերն է խաղում սեռային պատկանելությունը: Աղջիկները խաղում են տիկնիկներով, իսկ տղաները՝ մեքենաներով ու ատրճանակներով: Խաղալիքների հետ երեխաները դերային խաղի մեջ են մտնում՝ կրկնելով ու նմանանակելով այն, ինչ տեսնում են իրականում: Մանկաբույժ Իրինա Թովմասյանն ասում է, որ հաճախ երեխային դուր են գալիս այն առարկաներն ու իրերը, որոնք նա տեսնում է մեծահասակների ձեռքին:

Երեխայի համար խաղալիք ընտրելիս պետք է հաշվի առնել, որ այն կարող է ազդել երեխայի բնավորության ձեւավորման վրա: Հոգեբան Մերի Վարդանյանն ասում է, որ երեխան հեշտությամբ կրկնօրինակում է խաղալիքների արտահայտած վիճակը: Օրինակ՝ ագրեսիվ խաղալիքի հետ երկար շփվելը կհանգեցնի նրա մոտ ագրեսիայի դրսեւորմանը: Երեխային պետք է պարզ գույների մեջ մեծացնել, ահա թե ինչու մուգ խաղալիքներ խորհուրդ չի տրվում, իսկ չարի կերպարներով խաղալիքներ կարելի է տալ միայն որոշակի տարիքից հետո:

Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Մելքոն Գասպարյանն ասում է, որ վաճառվող խաղալիքները թույլատրելի որակական հատկանիշներ պետք է ունենան, որոնք սահմանված են խաղալիքների տեխնիկական կանոնագրում: Պահանջները հերեւյալն են. խաղալիքները ոչ մի դեպքում երեխայի առողջությանը վնաս չպիտի պատճառեն, իսկ ռիսկի աստիճանը որոշելիս պետք է հաշվի առնվեն երեխայի տարիքային առանձնահատկությունները, ինչպես նաեւ մեծահասակների հսկողության հնարավորությունը: Խաղալիքների պիտակների վրա պետք է նշված լինի, թե որ տարիքի երեխաների համար են նախատեսված:

Դրանք պետք է բացառեն շնչարգելության վտանգը, իսկ անկյուններն ու դուրս ցցված մասերն այնպես նախագծված լինեն, որ հպման դեպքում վտանգը նվազագույնը լինի, չպիտի պարունակեն քիմիական թունավոր եւ դյուրավառ նյութեր:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG