Մատչելիության հղումներ

Քոնդոլիզա Ռայս. «Հայաստանը պետք է շարունակի խորացնել ժողովրդավարական բարեփոխումները»


Անցած գիշեր Վաշինգտոնում՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի եւ Հայաստանի կառավարության միջեւ տեղի ունեցած համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ հերթական անգամ խոսվեց Հայաստանում ժողովրդավարության զարգացման, ինչպես նաեւ 2007-2008 թվականներին ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտության մասին:

«Հայաստանը պետք է շարունակի խորացնել ժողովրդավարական բարեփոխումները: Տեղացի եւ արտասահմանյան դիտորդները իրենց դժգոհությունն էին արտահայտել սահմանադրական հանրաքվեի առթիվ: Հայաստանի կառավարությունը ընդունում է առկա խնդիրները եւ պարտավորվել է բարելավել իրավիճակը 2007 եւ 2008 թվականի ընտրություններին», - հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իր հերթին, ընդունեց, որ արդեն իսկ Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար: «Ճշտվում են ընտրական ցուցակները, փոփոխությունների է ենթարկվում ընտրություններին վերաբերող օրենսդրությունը», - հավատացնում էր արտգործնախարարը:

«2007-2008 թվականների ընտրությունները կլինեն մեր ժողովրդավարության քննությունը: Մինչ այդ մեր նպատակն է՝ Միացյալ Նահագների եւ եվրոպական կառավարությունների հետ գործակցելով, իրականացնել փոփոխություններին ուղղված անհրաժեշտ քայլերը», - ասաց նախարար Օսկանյանը:

Ինչ վերաբերում է բուն ծրագրին, ապա կողմերը բավական լավատես են: Ըստ Քոնդոլիզա Ռայսի՝ այս ծրագրի շնորհիվ կբարելավվի Հայաստանի գյուղական շրջաններում ապրող 750 հազար բնակիչների կյանքը: «Առաջիկա 5 տարում հայերը կկառուցեն գրեթե 1000 կիլոմետր գյուղական ճանապարհ, կնորացվեն ոռոգման եւ ջրահեռացման համակարգերը: Բացի այդ, Միացյալ Նահագները կհատկացնի տեխնիկական օժանդակություն եւ վարկեր, այն, ինչի շուտափույթ կարիքը Հայաստանն ունի», - հայտարարեց ԱՄՆ-ի պետաքարտուղարը:

Այսօր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի կունենա թվային տեսակոնֆերանս Վաշինգտոնում գտնվող «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տարածաշրջանային տնօրեն Ալեքս Ռասինի եւ Հայաստանի ֆինանսների եւ Էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանի մասնակցությամբ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG