Մատչելիության հղումներ

Բաց նամակ՝ ի պաշտպանություն «Ժառանգության»


«Հայաստանի իշխանություններից պահանջում ենք անհապաղ վերացնել կուսակցության գրասենյակի վրա դրված արգելափակոցը, միջոցներ ձեռնարկել «Ժառանգություն» կուսակցության բնականոն գործունեությունը ապահովելու համար», - ասված է Հայաստանի քաղաքացիներին եւ ժողովրդավարության կայացմամբ մտահոգ բոլոր հաստատություններին ուղղված բաց նամակում:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր արդեն ստորագրել են նամակի տակ: Նախաձեռնության առաջարկը Ազգային Ժողովրդավարական դաշինքի նախագահ, պատգամավոր Արշակ Սադոյանինն է:

Նախաձեռնողները, Խաչատրյանի խոսքերով, Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի արգելափակումը գնահատում են որպես «հիմնարար քաղաքական ու քաղաքացիական ազատությունների դեմ իրակացված աղաղակող ոտնձգություն իշխող վարչախմբի կողմից»:

Բաց նամակում ծանուցվում է նաեւ, որ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի կողպեքի «բռնի» փոփոխումը մարտի 4-ին, եւ կուսակցության գույքի՝ ներառյալ կնիքը, արգելափակումը, կաթվածահար են արել կուսակցության գործունեությունը: Հիշատակվում է, որ դեպքի մասին բանավոր ու գրավոր տեղյակ են պահվել երկրի վարչապետը, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, եւ որ առ այսօր որեւէ արձագանք՝ բացատրություն կամ մեկնաբանություն չկա նրանցից:

Ուրբաթ օրը գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիսոկայանին հայտնեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի պատասխանն այդ օրն ուղարկվել է: Ամեն դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ այս պահը չի ստացել պատասխան-նամակը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG