Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Դուք հավատու՞մ եք, որ Հայաստանում 2007 եւ 2008 թվականներին հնարավոր են ազատ, արդար ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ: «Իրավունք»֊-ի այս հարցին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանում է. «Հասարակական եւ քաղաքական լուրջ ցնցումներ են սպասում Հայաստանին ընտրական կեղծիքների պարագայում: Ոչ երկրի ներսում, ոչ էլ նրա սահմաններից դուրս այդպիսի ընտրություն այլեւս հնարավոր չէ մարսել»:

«Երբ բարելավում ես մի մեխանիզմ՝ փոխարենը հնարավորություն ընձեռելով մեկ այլ ընտրակեղծիքի համար՝ բարելավում չէ: Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները 70% -ով զուտ խմբագրական բնույթի ճշգրտումներ են, որոնց մասին բազմիցս խոսվել է: 10-15 %-ը հետընթաց է գործող օրենսդրության համեմատ: Եվ 10-15%-ն էլ կազմում են դրական տեղաշարժերը», «Առավոտ»֊ում գնահատում է իրավաբան Հրայր Թովմասյանը:

Նշելով փոփոխությունների մի շարք առաջարկներ, որոնք, ըստ նրա, ընտրակեղծիքների հնարավորություն են տալու, Հրայր Թովմասյանն «Առավոտ»-֊ում ասում է. «Սահմանադրական իրավունքի մասնագետից, կարծես, վերածվել եմ կրիմինալիստի: Եվ երբ ուսումնասիրում եմ Ընտրական օրենսգրքի հերթական փոփոխությունները՝ առաջին հերթին, փորձում եմ կռահել, թե ի՞նչ են հիմա մտածելու, ի՞նչ մեխանիզմներով են իրականացնելու խախտումները»:

«Ի վերջո, բոլոր քաղաքական թիմերն էլ շատ լավ զգում են, որ 2007-ի ընտրությունները կախված են լինելու առավելապես ժողովրդի կամքից, այդ իմաստով առայժմ բոլորն էլ կազմակերպական աշխատանքներով են զբաղված: Չկան որոշակի պայմանավորվածություններ, համաձայնություններ կուսակցությունների միջեւ, եւ դա դրական է այն իմաստով, որ ընտրական քարոզչությունը չի կատարվի ժամանակից շուտ», «Առավոտ»֊-ում ներքաղաքական ներկա իրավիճակը բնորոշում է ՀՀԿ խմբակցության ղեկավար ալուստ Սահակյանը:

Նույն թերթում բերված Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ «Քաղաքական գործընթացները տեղափոխվել են գաղտնարաններ եւ քանի դեռ իշխանական ճամբարում չի հստակեցվել , թե ո՞վ ու՞մ հետ է գնալու ընտրությունների եւ ի՞նչ պայմաններով, առայժմ չի լինի ոչ մի ակտիվ գործողություն: Իսկ դրանից հետո,- ըստ Շավարշ Քոչարյանի,- կսկսվի «իրար ուտելու» գործընթացը, քանի որ իշխանության տեղերը սահմանափակ են, իսկ դրանք գրավողների ախորժակը՝ մեծ»:

Հայաստանը ժողովրդավարությունից հեռանում է «Համերներով», ուղենշված է «Հայկական Ժամանակ»-֊ում:

Տվյալներ բերելով, ըստ որոնց 40 հազար դոլար եւ ավելի արժողությամբ մեքենաների ներմուծումը կտրուկ աճել է 2003 թվականից, մեկնաբանը կապակցում է. «Եթե նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացրած 2003 թվականին Հայաստան ներմուծված թանկարժեք ավտոմեքենաների թիվը աճել է ուղիղ հինգ անգամ, ապա բնական է, որ 1,5 միլիոն կողմ ստացած սահմանադրական հանրաքվեի տարում այդ աճը եղել է մի քանի անգամ ավելի: Ասել է թե,- ամփոփում է մեկնաբանը,- որքան Հայաստանում թուլանում է ժողովրդավարությունը, այնքան ավելանում են 40 հազար դոլար եւ ավելի արժողությամբ մեքենաները»:

Որտե՞ղ է դրսեւորվում կոռուպցիան, եւ որտե՞ղ է այդքան «աներեւույթ» ստվերը: Որտե՞ղ են թաքնված այն գործարարները, որոնց ազգովին փնտրում, փնտրում ենք ու այդպես էլ երբեւէ չենք գտնում: Ովքե՞ր են Հայաստանում ստվերային տնտեսության կնքահայրերը: Առաջ քաշելով այս հարցադրումները, «Ազգ»-֊ը մատնանշում է. «Դրանց գերակշռող մասը հարկային ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկում են: Այս ցուցակը իրականում ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի պաշտոնական ցուցակն է»:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ֆլիտֆուդ» ընկերության բիզնեսին, վճարված հարկերին, «Ազգ»֊-ը եզրակացնում է.«Ստացվում է, որ Հայաստանը շաքարավազով ապահովող ընկերությունը գրեթե շահույթ չունի»:

«Հայոց Աշխարհ»֊-ի գնահատմամբ՝ «Այն, ինչ տեղի ունեցավ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի բազմափուլ, բայց այդպես էլ որեւէ արդյունքի չհանգած ութժամանոց ընտրամարաթոնում, հարազատ արտացոլումն է Հայաստանի մայր բուհում ստեղծված անմխիթար կացության»: Նշելով, թե «կրթության մակարդակը ընկել է, համալսարանական գիտությունը որպես այդպիսին փաստորեն վերացել է, երկրի հասարակական-քաղաքական կյանքում համալսարանի դասախոսների ակտիվությունը հասել է նվազագույնի», մեկնաբանը հանգեցնում է՝ «Այս ամենի հետեւանքով համալսարանի ղեկավար պաշտոններում առաջին գիծ է դուրս եկել գիտության հետ որեւէ կապ չունեցող հատվածը, որի ներկայացուցիչները իրենց զարդարել են տարբեր ճանապարհներով ձեռք բերված «դոկտորների» եւ «պրոֆեսորների» կոչումներով»:

«Բնական է, որ նման մթնոլորտում,- խտացնում է մեկնաբանը,- ռեկտորի թափուր պաշտոնի համար սուր մրցակցությունը սկզբունքորեն չէր տարբերվելու խորհրդարանի պատգամավորի կամ թաղապետի աթոռի համար ծավալվող ընտրապայքարից»:

Սահմանադրական դատարանում Երեւանի կենտրոնի կառուցապատման հետ կապված օմբուդսմենի դիմումի քննարկումը որակելով «թամաշա», «Չորրորդ իշխանություն»֊ը գրում է. «Հյուսիսային պողոտայի եւ Բուզանդի փողոցի բնակիչները իրենց տներից վռնդվել են մինչեւ 2005թ. նոյեմբերի 27-ը, այսինքն խախտվել է հին Սահմանադրությունը: Իսկ հին Սահմանադրության մեջ «բացառիկ գերակա հանրային շահերի» մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա: Այդ մարդկանց կարող էին իրենց ունեցվածքից զրկել միայն «օրենքի հիման վրա»: Մինչդեռ Ազգային Ժողովն այդ մարդկանց ունեցվածքը խլելու մասին օրենք չի ընդունել: Հետեւաբար՝ կառավարության համապատասխան որոշումն ապօրինի է: Իսկ օմբուդսմենը այս անառարկելի փաստարկը ներկայացնելու փոխարեն դատական վեճը տեղափոխում է միանգամայն այլ հարթություն` փորձում է հիմնավորել, որ տվյալ դեպքում «գերակա հանրային շահ» գոյություն չունի: Փաստորեն, իր այս քայլով Արմեն Հարությունյանը պետությանը հնարավորություն է տալիս հետին թվով օրինականացնել ապօրինությունները», - եզրակացնում է «Չորրորդ իշխանություն»-ը:

Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG