Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Կոսովոյի բանակցություններում Ռուսաստանը աջակցելու է սերբերին»


«Կոսովոյի շուրջ բանակցություններում Ռուսաստանը աջակցելու է սերբերին», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ելույթ ունենալով այսօր Պետդումայում, Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ Կոսովոն հիմնականում սերբերի խնդիրն է, եւ հենց նրանց ակտիվությունից է կախված Կոսովոյի ճակատագիրը: «Այժմ, դժբախտաբար, սերբական կողմն այնքան էլ ակտիվ չէ բանակցային գործընթացում: Նրանք կարող էին ավելի վճռական լինել, իսկ մենք նրանց կաջակցենք», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ասել է Լավրովը, ավելացնելով՝ «Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր շահերը, խուսափելով անհարկի առճակատումից, եւ հենց այդպես՝ պրագմատիկ կերպով ենք լուծելու մեր հարցերը»:

Միաժամանակ Պետդումայի ԱՊՀ֊ի երկրների հետ հարաբերությունների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Սավելեւն ասել է՝ «Որքանով հասկանում եմ Պուտինին, Կոսովոյի նախադեպը դիտվելու է, որպես Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու առիթ, ինչից հետո կքննարկվի Ռուսաստանին միանալու հարցը»:

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք Կոսովոյի զարգացումներին: Այնտեղ իրավիճակը շատ է նման Հարավային Օսիայի կացությանը, այնտեղ, կարծես թե, անկախ պետություն է ստեղծվելու, այդ դեպքում, եթե ոմանք պնդեն, թե Հարավսլավիան մի բան է, Կովկասն այլ բան, ապա հենց դա կլինի տխրահռչակ «երկակի ստանդարտի» օրինակ», - կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը:

Նա ասել է նաեւ, որ կան միջազգային իրավունքի նորմեր, այդ թվում Վրաստանի տարածքային ամբողջականությունը: «Միաժամանակ կա Հարավային Օսիայի քաղաքացիների մեծամասնության կարծիքը, նրանք ցանկանում են լինել Ռուսաստանի Դաշնության կազմում, այնպես որ դա բարդ հարց է եւ այսօր միանշանակ լուծում ստանալ չի կարող», - ասել է Միրոնովը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG