Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին Աջարիայում աննախադեպ շինարարություն է սկսում


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ով այսօր այցելել է «Ցիցինաթելա» («Ծղրիդ») զվարճանքի համալիրի շինհրապարակ, հայտարարել է Աջարիայում աննախադեպ ծավալների շինարարության մեկնարկի մասին:

«Այս զբոսայգին դառնալու է նախկին Խորհրդային Միության տարածքում ամենաժամանակակիցներից մեկը, ստեղծելու է նոր աշխատատեղեր, գրավելու է զբոսաշրջիկներին եւ խթանելու է փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը: Այստեղ նույնիսկ ԱՄՆ-ի նախագահին կարող ենք ընդունել», - ըստ «Ռեգնում»-ի, ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահը նշել է, որ մինչեւ ամառ վերանորոգվելու եւ լուսավորվելու են Աջարիայի հիմնական ավտոմայրուղիները: «Աջարիան այս տարի, ինչպես երբեք, գեղեցիկ է լինելու», - ասել է Միխեիլ Սահակաշվիլին:

Անցած տարի ամռանը Բաթումում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միխեիլ Սահակաշվիլին ասել էր. «Հաջորդ տարի մենք պատրաստ կլինենք ընդունել ավելի քան 100 հազար հանգստացողների եւ զբոսաշրջիկների Հայաստանից: Հայտնվել են նաեւ ներդրողներ Հայաստանից, ովքեր ցանկանում են հյուրանոցներ կառուցել Աջարիայում, մասնակցել մեր նորացվող տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը: Մենք դա ողջունում ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG