Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբի. «Ես ավելի ուժեղ մանդատ ունեմ հակամարտությունների կարգավորմանը մասնակցելու առումով»


«Իմ առաջնահերթ խնդիրը՝ սառեցված հակամարտություններն են:Դրանք այնքան քաղաքական էներգիա եւ ռեսուրսներ են խլում, որ լուրջ խոչընդոտ են դարձել երեք երկրների հասարակությունների զարգացման ճանապարհին», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության բացառիկ հարցազրույցում հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

«Ես փոքր ինչ ավելի ուժեղ մանդատ ունեմ սառեցված հակամարտությունների կարգավորմանը մասնակցելու առումով, քան իմ նախորդը: Դա պետք է ընկալվի իբրեւ Եվրամիության քաղաքական ազդանշան, որ սառեցված հակամարտությունները հիմա Եվրամիության օրակարգում շատ ավելի կարեւոր են, քան նախկինում», - ասաց Փիթեր Սեմնեբին:

Նա արձագանքեց նաեւ Միջազգային ճգնաժամային խմբի կոչին, որ Եվրամիությունը ավելի ակտիվ պետք է ներքաշվի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը: «Այն դեպքերում, երբ գոյություն ունեցող ձեւաչափերը գործում են, ես հիմնավոր պատճառ չեմ տեսնում, որ Եվրամիությունը միջամտի: Կարեւորն այստեղ սերտ կապ հաստատելն է ձեւաչափի մասնակիցների հետ եւ նրանց ջանքերին աջակցելն է: Իսկ եթե այդ ձեւաչափերը չեն գործում, ապա պետք է տեսնել, թե ինչպես կարելի է դրանք փոխել՝ ավելի արդյունավետ դարձնելու համար: Այդ դեպքում, կարծում եմ, Եվրամիությունը դերակատարություն պետք է ունենա»:

Փիթեր Սեմնեբին հոռետեսական համարեց այն մեկնաբանությունները, թե ղարաբաղյան բանակցությունները Ռամբույեում՝ ձախողում էին: «Ղարաբաղյան հակամարտությունը դեռ կարող է կարգավորվել, կամ ինչ-որ համաձայնագիր կնքվել այս տարի», - հույս հայտնեց շվեդ դիվանագետը:

Պետք է հաշվի առնել այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը լուրջ դժվարությունների առջեւ են կանգնած իրենց երկրներում հասարակական կարծիքի առումով՝ ինչպես մատուցել հակամարտության հնարավոր կարգավորումը հասարակությանը: Անհրաժեշտ է աշխատել երկու երկրների հասարակությունների հետ, ուղերձ հղելով, որ կողմերից ոչ մեկն էլ ժամանակի վրա խաղալուց ոչինչ չի շահի: Հայաստանը շարունակելու է մեկուսացված մնալ, եթե լուծում չգտնվի: Իսկ Ադրբեջանում կան ուժեր, որոնք պնդում են, թե Ադրբեջանը տնտեսական հզորություն, ուստի և ռազմական հզորություն ձեռք կբերի:
Ես կարծում եմ, այս դեպքում պետք է հստակ ուղերձ հղել, որ Ադրբեջանի կողմից հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձը շատ լուրջ հետեւանքներ կարող է ունենալ: Նախ, այն կարող է անհաջողության մատնվել: Եվ երկրորդ այն լրջորեն կվնասի Ադրբեջանին՝ ներդրումային միջավայրի առումով, նրա վստահելիությանը իբրեւ գործընկեր:

«Կարգավորումը կպահանջի լուրջ ջանքեր բոլոր կողմերից: Արդեն իսկ դրական նախանշան է այն, որ նույնիսկ Ռամբույեից հետո, որը պիտակավորվեց իբրեւ ձախողում, քննարկումները շարունակվեցին կարճ ժամանակ անց», - նշեց Փիթեր Սեմնեբին:

2007 թվականին Հայաստանում կկայանան խորհրդարանական, իսկ 2008-ին՝ նախագահական ընտրություններ: Վերջին շրջանի համազգային բոլոր ընտրությունները, քվեարկությունները, դիտորդների գնահատմամբ, անցել են լուրջ խախտումներով: Որքա՞ն կարեւոր է ժողովրդավարության կայացումը Հայաստանում: Արդյո՞ք գերակա խնդիր է Եվրամիության համար Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելը: «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Փիթեր Սեմնեբին պատասխանեց. «Բառացիորեն, դա թիվ մեկ գերակա խնդիրն է Եվրամիության գործողությունների ծրագրում: Ժողովրդավարական կառույցների եւ օրենքի գերիշխանության ուժեղացումը՝ Եվրամիության հետ սերտ հարաբերություններ ստեղծելու հիմքն է», - կարծում է Սեմնեբին:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին արդեն այցելել է Վրաստան ու Ադրբեջան, իսկ ապրիլի սկզբին նա պատրաստվում է գալ Հայաստան:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG