Մատչելիության հղումներ

logo-print
Բողոքի ակցիաների բացումը կատարեցին Երեւանի Կոզեռն կոչվող թաղամասի բնակիչները՝ «Պահանջում ենք մեր բնակարանների եւ հողի սեփականաշնորհման իրավունք», «Պահանջում ենք արդարություն», «Ձեռքներդ հեռու Կոզեռն թաղամասից» կարգախոսներով:

Տարածքային ենթակառույցների վարչության պետ Խաչատուր Վարդանյանը խոստացել էր, որ բողոքավորներին անպայման կընդունի հանրապետության վարչապետը, բայց այդ խոստումը չէր կատարվել: Ինչպես նախկինում, այսօր էլ՝ Խաչատուր Վարդանյանը հանդիպեց նրանց եւ խոստացավ հանդիպում կազմակերպել:

Մի քանի րոպե անց գրեթե նույն բողոքներով, բայց արդեն ուրիշ պաստառներով ու կարգախոսներով, հրապարակ եկան Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի, Դալմայի այգիների, Թբիլիսյան խճուղու բնակիչները: Նրանք էլ էին պահանջում հարգել իրենց իրավունքները ու սպասում էին կառավարության ներկայացուցչին:

Ավելի ուշ այս խմբին միացան «ԱրմենՏել»-ից տուժած քաղաքացիները. «ԱրմենՏել»-ը դատարկում է ժողովրդի գրպանը», «Մի խոչընդոտեք ինտերնետի զարգացմանը» պաստառներով:

Պաշտոնական տվյալներով, մոտ 400 քաղաքացի Ինտերնետ կապից օգտվելուց հետո ստացել է հսկայական գումարի հեռախոսային խոսակցության հաշիվներ. նվազագույնը՝ 700, իսկ առավելագույնը՝ 4000 դոլար:

«ԱրմենՏելն» ընդունում է, որ պատճառը համակարգիչներ թափանցած հատուկ ծարագիրն է: Սակայն չեն ընդունում, որ դրա համար ընկերությունը պետք է պատասխան տա:

Այս խնդրով բողոքավորները հրապարակ էին եկել Ազգային ժողովի պատգամավոր Արշակ Սադոյանի եւ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ եւ սպասում էին իշխանությունների պատասխանին:

Կառավարության շենքից դուրս գալով՝ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը ցուցարարներին հայտնեց, որ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է:

Նրա տվյալներով, վաղը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվելու այս խնդրի վերաբերյալ:

Կարինե Քլանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG