Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«168 Ժամ»֊ի տեղեկություններով՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանը օրերս դիմել է ԱՄՆ֊-ի դեսպանատուն` ԱՄՆ մեկնելու համար:

Համադրելով գազի նոր սակագների հարցերին վարչապետի եւ պաշտպանության նախարարի տված պատասխանները, «Հայկական ժամանակ»֊-ը եզրակացնում է. «Ակնհայտ է, որ պաշտպանության նախարարը շատ ավելի լավ է տիրապետում իրավիճակին եւ շատ ավելի տեղյակ է, քան վարչապետը»: Թերթը հիշեցնում է՝ «ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը ասել էր. «Նախագահի հանձնարարությամբ մարտի սկզբներին վարչապետի մոտ քննարկելուց հետո ես նամակ եմ հղել «Գազպրոմի» նախագահ Միլլերին՝ որոշակի առաջարկություններով: Ուրբաթ օրը Միլլերից պատասխան ենք ստացել, որ «Գազպրոմի» ղեկավարությունը պատրաստ է մինչեւ այս ամսվա վերջը ստորագրել համապատասխան պայմանագրեր, որոնք հնարավորություն կտան գազը բնակչությանը եւ արդյունաբերողներին վաճառել շատ ավելի ցածր գներով, քան նախատեսված է»:

«Այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ,- շարունակում է«Հայկական ժամանակ» թերթը,- վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Ազգային Ժողովում նույն թեմայի շուրջ լրագրողների հարցերին պատասխանելիս բոլորովին այլ բան է ասել. «Բանակցությունները դեռ չեն ավարտվել ,եւ ես չեմ կարող լրացուցիչ տեղեկություններ տալ այդ գործընթացի վերաբերյալ»: Այսինքն, եզրահանգում է մեկնաբանը, Անդրանիկ Մարգարյանը տեղյակ չէ նամակից, հակառակ դեպքում նա առիթը բաց չէր թողնի այդ բարի լուրը առաջինը հայտնել լրագրողներին»:

Այսօր Ռուսաստանից պահանջել «քաղաքական նկատառումներով» Հայաստանին էժան գազ վաճառել` նշանակում է կամովին հրաժարվել սեփական քաղաքական շահերից եւ մեկընդմիշտ համակերպվել «ֆորպոստի» կարգավիճակի հետ: Հայաստանյան ցանկացած քաղաքական ուժ, որն այսօր Ռուսաստանից «առանձնահատուկ վերաբերմունք» է պահանջում, դրանով իսկ վաճառքի է հանում Հայաստանի անկախությունը, ընդգծում է «168 Ժամ»-֊ի մեկնաբանը, գտնելով որ ռուսական գազի թանկացման ծանրությունը հեշտությամբ կարելի է մեղմել: «Դրա համար պետք է ընդամենը պայքարել այդ ոլորտում առկա գերկորուստների, կոռուպցիայի եւ գերշահույթների դեմ: Եվ, ի դեպ, հրաժարվել ֆորպոստի կարգավիճակից, այսինքն` ռուսական ռազմաբազաների տարածքների համար վարձակալական գումարներ վերցնել, եւ այն էլ՝ «շուկայական գներով»: Այդ դեպքում գուցե ոչ թե Մանուկ Գասպարյանը նամակ գրի Պուտինին, այլ Պետդումայի որեւէ պատգամավոր Քոչարյանին ուղղված նամակում հիշեցնի հայ-ռուսական դարավոր բարեկամությունը:

Մանուկ Գասպարյանի նամակը Ռուսաստանի նախագահին որակելով «ընդամենը հայրենի քաղաքական դաշտում պոպուլիստական մտավարժանքների աշխուժացման հերթական վկայություն», «Հայոց Աշխարհ»-֊ը մերկացնում է. «Նամակ գրելով «ռուսաց թագավորին», կարելի է հետո ազդարարել, թե իրականում հենց Մանուկ Գասպարյանն է կարողացել համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ չթանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Գոլոս Արմենիի»-֊ի ընթերցողների հարցերի պատասխանում նշում է. «Առաջին հերթին, մենք շարքային սպառողներ ենք, եւ գազի, ջրի սակագների բարձրացումը խփում է նաեւ մեր գրպանին: Մենք անում ենք ինչ հնարավոր է, որպեսզի առավելագույնս պաշտպանենք սպառողների շահերը»:

«168 Ժամ»-֊ի փոխանցմամբ՝ ԵՊՀ-ի «եւ խորհրդի անդամներից , եւ դասախոսներից ու ուսանողներից շատերի կարծիքով՝ մեծագույն ամոթ է համալսարանականների համար, որ չկարողացան իրենց միջից ընտրել որեւէ մեկին, որովհետեւ չի բացառվում, որ եթե թեկնածուները, որոնք բոլորն էլ որոշակի արժանիքներ ունեին այս պաշտոնը զբաղեցնելու, իրենք չկարողացան այսօր այնքան զիջող լինել եւ իրենցից մեկին ընտրել, ապա շատ հնարավոր է, որ վաղը իրենց փոխարեն ընտրեն «վերեւներից», եւ չի բացառվում, որ «վերեւներից» թելադրված ապագա ռեկտորը համալսարանի հետ բոլորովին կապ չունենա, ինչից շատ վախենում էին համալսարանականները»:

«Առավոտ»-֊ը, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ 100 հոդվածներում առաջարկվող փոփոխություններին, նկատում է. «Այդ փոփոխություններից շատերն ակնհայտորեն թելադրված են հայաստանյան ընտրական իրողություններով: Ասենք, Ռոբերտ Քոչարյանի բաց քվեարկության պատասխանն է, թերեւս, որ այժմ առաջարկվել է հետեւյալ փոփոխությունը. «ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն»:


Թուրքմենստանի օրինակով ցույց տալով, թե ինչպես են հետամնաց հասարակություններում մարդիկ հավատում բառերի կախարդական ուժին, «Առավոտ»-֊ի խմբագիրն ընդհանրացնում է. «Բառերի մագիային հավատալը բխում է, ի վերջո,անզորությունից: Երբ դու չես կարողանում «սանձել» իրականությունը, փորձում ես «սանձել» այդ իրականությունը սանձող բառերը: Ինչու՞ է մեր իշխանությունը փակել «Ա1+»-ը: Որպեսզի ընտրությունների ժամանակ իրենց անհաճո բառեր չհնչեն»:

Բայց, ըստ խմբագրի, խնդիրը այնքան էլ ընտրությունները չեն: Ի վերջո, իրենց սուտ թվերը նկարելով՝ ընտրվում են: Խնդիրը բառերի մագիային հավատալն է: Իրենց թվում է, որ եթե իրենց եթերներում միայն «ջան, ջան, ջան» է հնչում, ուրեմն իրականությունն էլ է հենց այդպիսին:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG