Մատչելիության հղումներ

Եվրամիության «սեւ ցուցակում» հայաստանյան ավիաընկերություններ չկան


Եվրամիությունն այսօր հրապարակեց անհուսալի համարվող ավիաընկերությունների ցուցակը, որտեղ հայաստանյան ավիաընկերությունները բացակայում են: «Սեւ ցուցակում» ընդգրկված մոտ 90 ավիաընկերություններին, որոնց մեծ մասը ներկայացնում է Աֆրիկայի երկրները, այլեւս թույլ չի տրվելու թռիչքներ իրականացնել Եվրամիության անդամ 25 պետություններում:

ԱՊՀ֊ի երկրներից ցուցակում ընդրգրկվել են Ղազախստանի եւ Ղրղզստանի ավիաընկերությունները:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի խոսնակ Գայանե Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ անցած տարի անվտանգության երաշխիքներ չունեցող ավիաընկերությունների «սեւ ցուցակում», որը հրապարակվել էր Բելգիայում, ընդգրկվել էր Հայաստանում գրանցված «Air Van Airlines» ընկերությունը, որն այնուհետեւ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կողմից զրկվել էր թռիչքներ իրականացնելու լիցենզիայից:

Ներկայումս Հայաստանում գրանցված է մոտ 15 ուղեւորատար եւ բեռնատար ավիաընկերություն, որոնց մեծ մասը իրենց գործունեությունը ծավալել է Հայաստանից դուրս:

Արմեն Դուլյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG