Մատչելիության հղումներ

Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին


ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մայիսի 12-ից 25-ը Գերմանիայում եւ Բոսնիա-Հերցեգովինայում տեղի կունենան «Համատեղ ջանք 2006» զորավարժությունները: Երեկ Թբիլիսում բացվել է զորավարժությունների պլանավորման քառօրյա խորհրդաժողովը:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Սեյրան Շահսուվարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Թբիլիսի է մեկնել Հայաստանի զինված ուժերի սպաների խումբը:

«Մեկնել են փոխգնդապետ Սամվել Աթոյանը եւ կապի 2 սպա: Բնականաբար, եթե մասնակցում են պլանավորման խորհրդաժողովին, մասնակցելու են նաեւ բուն զորավարժություններին: Հայաստանի մասնակցությունը կախված է հրավիրող կողմից», - ասաց գնդապետ Շահսուվարյանը:

Վրաստանի պաշտպանության նախարարության համալիրում անցնող խորհրդաժողովին մասնակցում են 237 զինծառայողներ 42 պետություններից: Զորավարժությունների նպատակն է մշակել կապի եւ տեղեկատվական համակարգերի համատեղ գործողությունները:

Լրատվական գործակալությունները նշում են, որ «Համատեղ ջանք 2006» զորավարժությունների պլանավորման առաջին խորհրդաժողովը կայացել է այս տարվա հունվարին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, իսկ թբիլիսյանը՝ ամփոփիչ միջոցառումն է բուն զորավարժություններից առաջ:

«Գործակցություն հանուն խաղաղության» ծրագիրը իրականացվում է 1994 թվականից: Ըստ ՆԱՏՕ-ի աղբյուրների, Հայաստանը ծրագրի ակտիվ անդամներից է. ամեն տարի մասնակցում է տարատեսակ միջոցառումների, զորավարժությունների, դասընթացների եւ սեմինարների:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG