Մատչելիության հղումներ

«Օմբուդսմենն ընդդեմ կառավարության» սահմանադրական վեճը հետաձգվեց


Այսօր Սահմանադրական դատարանը սկսեց քննել Մարդու իրավունքների պաշտպանի հայցը՝ պարզելու կառավարության 2002-ի օգոստոսի որոշման եւ օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը:

Մի քանի ժամ քննարկելուց հետո Սահմանադրական դատարանը մոտ երկու շաբաթով հետաձգեց նիստը, որպեսզի այդ ժամանակահատվածում ստանա կառավարության ներկայացուցչի խոստացած փաստաթղթերը եւ գործին ներգրաված փորձագետների եզրակացությունները: Սպասվելիք պարզաբանումները եւ այսօր իսկ ընթացած դատական վեճը մեկ հասկացության շուրջ էին. «գերակա հանրային շահեր»:

Սահմանադրությունում ամրագրված է. «Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ»:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պնդում է, որ սահմանադրական այս նորմին են հակասում Քաղաքացիական, Հողային օրենսգրքերի համապատասխան դրույթները եւ կառավարության 2002֊-ի օգոստոսի որոշումը՝ Երեւանի Կենտրոն համայնքում 34 հազար 500 քառ. մետր կառուցապատման մասին:

Արմեն Հարությունյանի խոսքերով. «Կառավարության վիճարկվող որոշումները առհասարակ պատկերացում չեն տալիս, թե ինչ պետական կարիքների մասին է խոսքը, եւ որեւէ հիմնավորում չեն պարունակում, թե ինչ պատճառական կապ գոյություն ունի պետական կարիքների եւ վերցվող հողամասի վրա մի շարք առեւտրային կազմակերպությունների կողմից իրականացվող առեւտրային գործունեության միջեւ»:

Պատասխանող երկու կողմերը տարբեր մարտավարություն էին որդեգրել: Հանրապետության նախագահին ներկայացնող, նրա օգնական Գեւորգ Մհերյանը՝ թվարկելով վեճի առարկա իրավական ակտերը, փորձում էր հիմնավորել դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Մինչդեռ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Սահմանադրության հետ անհամապատասխանություն տեսնում է այլ տեղում, եւ ոչ այնտեղ, ինչ հիմքերով հայց է ձեւակերպել Արմեն Հարությունյանը: Նա պնդեց, որ կառավարությունը գույքն օտարելու լիազորություն ունեցել է եւ ունի, խոստացավ դատարանին ներկայացնել կառավարության չհրապարակված այն արձանագրային որոշումները, որոնցում արտացոլված են հանրային գերակա շահերի հիմքերը, իսկ «գերակա հանրային շահ» հասկացությունն օրենքով կոնկրետացնելն անհնար եւ անգամ վտանգավոր համարեց:

Սահմանադրական դատարանի շենքի առջեւ այսօր հավաքված մի քանի տասնյակ նախկին կամ ներկա կենտրոնաբնակների մեծ մասն այսօրվա նիստի սկզբից մինչեւ վերջ հետեւեց դատավարությանը: Եվ երբ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի բնորոշմամբ, «երկու հայտնի իրավաբաններ Արմեն Հարությունյանն ու Դավիթ Հարությունյանը» անգամ միմյանց հարցերին հեգնանքով էին պատասխանում, համակրանքը օմբուդսմենի կողմն էր:

Բուզանդի փողոցի նախկին բնակչուհի Նունե Վարդունու խոսքերով, այս դատավարությունն իրենց բարոյական հաղթանակ է տալու, բայց, նրա կարծիքով, փոհատուցման հարցերը չեն լուծվելու. «Արդեն բնակարան չունենք, արդեն փողոցում ենք, Սահմանադրական դատարանի վճռից հետո մեր ակցիան շարունակելու ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջ, հիմա ժամանակավոր հացադուլը դադարեցրել ենք»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դատարանում է որպես երկրի քաղաքացի եւ «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության ղեկավար: Նրա ներկայացրած հայցը նոր պաշտպանը վերաձեւակերպել է. «Ես կարծում էի, որ ճիշտ է ենթաօրենսդրական ակտից սկսելը. տեսնենք՝ ինչ կլինի,- ասաց նա: Իսկ հարցին, թե արդյոք օգնելո՞ւ է նոր օմբուդսմենին՝ պատասխանեց,- Ոչ, չունեմ այդպիսի հրավերք, բայց օգնելու եմ հոգեպես»:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG