Մատչելիության հղումներ

«Քաղաքական կուսակցությունները պետք է գաղափարի, եվ ոչ թե մեկ անձի վրա հիմնված լինեն»


Միացյալ Նահանգների կառավարությունը Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի միջոցով նախատեսում է Հայաստանում իրականացնել 7 միլիոն դոլարի աջակցման ծրագիր՝ 2007թվականի խորհրդարանական եվ 2008-ի նախագահական ընտրությունների համար: Ինչպես գործակալության երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոբին Ֆիլիպսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, այդ գումարը տրվելու է բացառապես հասարակական կազմակերպություններին, եվ ոչ թե քաղաքական կուսակցություններին:

Աշխատանքն իրականացնելու են 6-8 կազմակերպություններ, որոնցից մեկը, օրինակ, «Ժողովրդավարության ազգային ինստիտուտն» է: Ծրագրի կարեւորագույն կետերից մեկը ընտրացուցակների ճշգրտմանն է վերաբերում:

Աշխատանքի մի մասը իրականացվելու է ՀՀ ոստիկանության անձնագրերի եվ վիզաների վարչության հետ, որպեսզի հաստատ համոզված լինեն, որ ընտրացուցակները ճշգրիտ են:

Ծրագիրը նաեւ նախատեսում է աշխատանք ընտրողների հետ: Միջոցներ են տրամադրվելու նաեւ սոցիոլոգիական հետազոտություն իրականացնող կազմակերպություններին: Նախատեսվում է, որ քաղաքական ուժերը կկարողանան նախընտրական շրջանում նրանցից ճշգրիտ հարցման տվյալներ ստանալ: Այս ծրագրում ընդգրկված է նաեւ դատավորների ուսուցումը: «Մենք պետք է համոզված լինենք, որ դատավորները քաջատեղյակ են ընտրական օրենսգրքին», - ասաց Ռոբին Ֆիլիպսը:

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը իր ելույթներից մեկում ասել էր, թե իրենց պետության կարեւորագույն նպատակներից է հետխորհրդային երկրներում ժողովրդավարացման հասնելը:

«Պետք է հասկանալ, որ ԱՄՆ կառավարության կարծիքով միայն ազատ եվ արդար ընտրությունները կարող են ապահովել անցում մի քաղաքական իրավիճակից դեպի հաջորդ քաղաքական իրավիճակ», - նշեց Ռոբին Ֆիլիպսը:

Խոսելով Հայաստանում նոր կուսակցությունների ստեղծման գործընթացի մասին, ամերիկացի պաշտոնյան փաստեց. «Քաղաքական կուսակցությունները պետք է գաղափարի, եվ ոչ թե մեկ անձի վրա հիմնված լինեն: Այդ ծրագրում առկա բոլոր տվյալները հաշվի են առնված, եվ փորձելու ենք, որ գործընթացի տեխնիկական կողմը ճշտորեն իրականացվի»:


Աստղիկ Բեդեւյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG