Մատչելիության հղումներ

Ծալկայում ողբերգական դեպքերից հետո իրավիճակը դեռեւս որոշակիորեն լարված է: Սվանների եւ աջարների ղեկավարները մի քանի օր առաջ հանդես են եկել հայտարարությամբ եւ ներողություն են խնդրել տեղի հայ բնակչությունից:

Մարտի 9-ի երեկոյան Ջավախքի Ծալկա շրջկենտրոնում դանակի հարվածներով սպանվել էր հայկական Ղուշչի գյուղի 23-ամյա մի երիտասարդ՝ Գեւորգ Գեւորգյանը: Եվս երկու հայ երիտասարդներ՝ Սահակյանն ու Բալոյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Երիտասարդներին բուժող բժիշկ Սլավիկ Քուչուկյանը «Ազատություն» ռադիոկայանից այսօր հայտնել է, որ տղաները իրենց լավ են զգում, կյանքին սպառնացող վտանգ չկա:

«Այս պահին նորմալացել է նաեւ քաղաքական, ազգամիջյան իրադրությունը», - ասաց բժիշկ Քուչուկյանը, - «Սվանները հանրահավաք են արել եւ հայտարարել են, որ իրենք ուզում են հայերի հետ խաղաղ ապրել: Ցուցադրում են, թե իրենք, իբր, հայերից վախենում են: Սակայն այս պահին ամեն ինչ նորմալ է, վատ բան չկա»:

Ախալքալակի երիտասարդները նույնպես այս օրերին քննարկում են Ծալկայի դեպքերը: Անհանգստությունը տարածվել է ամբողջ Ջավախքով, բայց նրանք հիմնականում հակված չեն դրան ազգամիջյան հիմնավորում տալ:

«Այդպիսի վեճեր եւ ընդհարումներ կենցաղային հողի վրա լինում են», - ասում է ախալքալակցի Ժորան, - «Պատահում է՝ վիճաբանություն է ծագում, որից հետո պարզվում է, որ դրանք վրացիներ են: Բայց դա նշանակություն չունի, նույն վեճը լինելու էր, եթե անգամ նրանք հայեր լինեին»:

Մյուս կողմից, ջավախահայերը նաեւ կանխատեսում են. «Եթե Վրաստանի իշխանությունները շարունակեն հայկական բնակավայրերում արհեստականորեն այլազգիներ բնակեցնել, նման պատահական ընդհարումները կշատանան, եւ կարող են վերաճել ազգամիջյան բախումների»:

Ըստ Ախալքալակի քաղաքապետ Նաիրի Իրիցյանի, քաղաքի բնակչության 98 տոկոսը հայեր են եւ միայն 2 տոկոսն է վրացի:

Ախալքալակցի Հովհաննես Ամիրբեկյանի խոսքերով, Ծալկայում, արդեն հայերի թիվը չի գերազանցում բնակչության 50 տոկոսը: Նվազել են հույները, իսկ նրանց տներում բնակեցնում են սվաններին եւ աջարներին: «Երբ Ծալկայից հույն ընտանիք է հեռանում, եւ ազատ տուն է հայտնվում, այնտեղ հայերին չեն գրանցում, մինչդեռ սվաններին եւ աջարներին գրանցում են անմիջապես՝ հայերի տոկոսային հարաբերակցությունը նվազեցնելու եւ դեմոգրաֆիկ իրավիճակը փոխելու հատուկ նպատակով», - ասում է նա:


Շաքե Ավոյան, Ախալքալակ-Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG