Մատչելիության հղումներ

«Ազգային խտրականությունը դառնում է պետական քաղաքականություն»


Ախալքալակի քաղաքապետ Նաիրի Իրիցյանի կարծիքով, մարտի 11-ի Ախալքալակի մեծ հանրահավաքը ժամանակի ընթացքում կուտակված դժգոհության պոռթկում էր, որը Վրաստանի սխալ քաղաքականության հետեւանքն է:

«Երկու տարի առաջ, երբ ես ընտրվել եմ քաղաքապետ, եթե հարց էին տալիս Ջավախքում կոնֆլիկտային իրավիճակի մասին, իմ ծիծաղը գալիս էր, եւ ասում էի, որ կոնֆլիկտ չկա, բայց հետո աշխատանքի մեջ արդեն երեւում է, - «Ազատություն» ռադիոկայանիհարցազրույցում ասել է նա, - «Օրինակ, քաղաքում կա 5 դպրոց, որոնցից մեկը վրացական, մեկը ռուսական, երեքն էլ հայկական: Վրացական իշխանությունները ձմեռվա վառելիք տվել են միայն վրաց դպրոցին, որտեղ սովորում է ընդամենը 80 աշակերտ, իսկ մյուս դպրոցները՝ հարյուրավոր աշակերտներով, մնացել են առանց ջեռուցման»:

Բացի այդ, ըստ քաղաքապետի, եթե վրացերենի ուսուցիչը ստանում է 500 լարի աշխատավարձ, ապա հայոց լեզու դասավանդող ուսուցչին տալիս են ընդամենը 20 լարի: Այդպիսով Վրաստանի քաղաքացիների միջեւ հավասարություն հաստատելու փոխարեն՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն են սերմանում, ինչը ժամանակի ընթացքում զարգանում է՝ վերաճելով ազգային հողի վրա դժգոհության:

«Մեկ օրում ախալքալակցուց պահանջել վրացերենի գերազանց իմացություն՝ աշխատանքից զրկելու սպառնալիքի տակ, չի կարելի, դա եւս ճնշման ձեւ է», - ասում է Նաիրի Իրիցյանը: Նրա խոսքերով, եթե Վրաստանի իշխանությունները պատճառաբանում են, թե Ջավախքի բնակչության կենսամակարդակը հետ է մնում վրացերեն չիմանալու պատճառով, դա զուտ պատրվակ է, քանի որ Վրաստանում բազմաթիվ են լեզվին գերազանց տիրապետող հայերը Ջավաքխից դուրս՝ մայրաքաղաքում եւ այլ խոշոր քաղաքներում. «Բայց ու՞ր են այդ լավ հայերը, նրանք երբեք բարձր պաշտոններ չեն զբաղեցրել, այնպես որ թող մահանա չանեն», - շեշտում է Նաիրի Իրիցյանը:

Իսկ Ախալքալակցի երիտասարդներն էլ նշում են, որ նույն քաղաքում ապրող վրացիների հետ, որոնց թիվը չի գերազանցում բնակչության 5 տոկոսը, ոչ մի խնդիր չունեն, վեճեր լինում են, բայց ոչ ազգային հողի վրա, այլ զուտ կենցաղային խնդիրների շուրջ:


Շաքե Ավոյան, Ախալքալակ-Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG