Մատչելիության հղումներ

Ժամանակավորապես դադարեցվել է «Ա1+»-ի վտարման գործընթացը


Ուրբաթ օրը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները Գրիգոր Լուսավորչի 15 շենքից չեն վտարելու «Ա1+» հեռուստաընկերության աշխատակազմին: Պատճառն այն է, որ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը «Ա1+»-ին նոր տարածք է առաջարկում:

Կեսօրին, «Մելտեքս» ընկերության (որի կազմի մեջ է մտնում «Ա1+»-ը) ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի փոխանցմամբ, վարչության ներկայացուցիչը առաջարկել է «ընդամենը 100 քառակուսի մետր՝ 240 քառակուսի մետրի դիմաց Բուզանդ փողոցի վրա»:

Այդուամենյանիվ, ըստ «Մելտեքս»-ի ղեկավարի, առաջարկվող տարածքը ուսումնասիրելուց հետո միայն կկայացնեն վերջնական որոշումը:

Ընկերության ղեկավարությունը մտադիր է նաեւ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայից հատուցում պահանջել կատարված ներդրումների դիմաց, անհրաժեշտություն դեպքում՝ նաեւ դատարանի միջոցով (ազատվող տարածքը հատկացվելու է ԳԱԱ Լեզվի ինստիտուտին):

«Միանշանակ», - հավաստիացրեց Մովսեսյանը՝ փաստարկելով. - «Որովհետեւ դա լուրջ խնդիր է, եւ, բացի այդ, կան սկզբունքային խնդիրներ: Մանավանդ՝ հիմա, ինչպես ես հասկացա, այստեղ խանգարող հանգամանքը միայն «Ա1+»-ն է, որովհետեւ մեր ազատած տարածքները վերեւի հարկերում արդեն վարձակալությամբ ուրիշ հիմնարկությունների, ձեռնարկությունների է հանձնված: Դա նշանակում է՝ կոնկրետ «Ա1+»-ի խնդիրն է պետք լուծել այս շենքում»:

Հարկադիր կատարման ծառայության ընդունած որոշման համաձայն, «Մելտեքս» ընկերությունը անհապաղ պետք է ազատի 1-ին, 2-րդ եւ 4-րդ հարկերի 240 քառակուսի մետրով տարածքը: Մեսրոպ Մովսեսյանի վկայությամբ, դատարանի կայացրած վճռի համաձայն, իրենք արդեն կամավոր հանձնել են «մոտավորապես 220 քառակուսին»:

Առավոտյան «Ա1+»-ին սատարելու նպատակով խմբագրություն էին եկել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը եւ «Ազգային վերածննունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: Վերջինիս կարծիքով, «Ա1+»-ի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը անմիջականորեն շաղկապված է Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման բոլոր փաստերի հետ:

Ավետիք Իշխանյանի բնորոշմամբ՝ «Ա1+»-ը «խոսքի ազատության խորհրդանիշն է Հայաստանում»:

«Ա1+»-ի համար պայքարը հենց այն սկիզբն է, որով կարելի է հաջողության հասնել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մնացած բնագավառներում», - ավելացրեց Իշխանյանը:

Այսօրվա ընդդիմության մի մասը, ի դեպ, իշխանությունների դեմ միավորված պայքարը սկսեց 2002-ի ապրիլին, երբ «Ա1+»-ը զրկվեց եթերից: Հարցին, թե արդյո՞ք այսօր քաղաքական ուժերը եւ հասարակությունը պատրաստ են պաշտպանել խոսքի ազատությունը, Ալբերտ Բազեյանը պատասխանեց. - «Ցանկալի կլիներ, որ այդպես լիներ: Ամեն դեպքում, մենք մեր կարողության սահմաններում կաշխատենք մեր քաղաքական աջակցությունը ցուցաբերել «Ա1+»-ի կոլեկտիվին»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG