Մատչելիության հղումներ

Գազի թանկացմամբ «չի նվազի լոկալ ջեռուցման համակարգերի պահանջարկը»


Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության կառավարական հիմնադրամի ղեկավարները համոզված են, որ գազի թանկացումից հետո էլ երկնագույն վառելիքով աշխատող լոկալ ջեռուցման համակարգերի պահանջարկը չի նվազի։

Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, վկայակոչելով իրենց մասնագետների հաշվարկները, ուրբաթ օրը ասաց, թե գազի թանկացումից հետո էլ բնակչի համար շատ ավելի ձեռնտու կլինի օգտվել կենտրոնացված, քան անհատական ջեռուցման համակարգերից:

Ասուլիսի կազմակերպիչները ներկայացրին այն ծրագրերը, որոնց միջոցով միջազգային դոնորների աջակցությամբ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է խթանել մասնավոր ներդրումները «ջեռուցման շուկայում»։

Միջազգային զարգացման գործակալության միջոցով ամերիկյան կառավարությունը մոտ 3 միլիոն դոլարի դրամաշնորհ է տրամադրել այս բնագավառի ծրագրերին աջակցելու նպատակով: Համաշխարհային բանկը, իր հերթին, 15 միլիոն դոլարի արտոնյալ վարկ է հատկացրել կառավարությանը՝ ջեռուցման լոկալ ծրագրեր իրականացնող ընկերությունների ներդրումները խթանալու նպատակով։

Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության հիմնադրամի գնահատականներով, կենտրոնացված ջեռուցման համակարգը ամբողջությամբ վերականգնելու համար 200-400 միլիոն դոլարի ներդրումներ են հարկավոր։

«Պետությունը դոնորների միջոցով առաջին քայլն անում է, որպեսզի մասնավոր ներդրողներին համոզի, որ այդտեղ ներդրումներ անելը շահավետ է», - ասում է Թամարա Բաբայանը:

Այդուհանդերձ, միայն գումարների ու ներդրողների առկայությունը բավարար չէ, որպեսզի ջեռուցման խնդիրը լուծվի։ Հարկավոր է, որպեսզի բուն շահառուները, այսինքն՝ բազմաբնակարան շենքերի բնակիչները եւս շահագրգռվածություն, ցանկություն եւ հնարավորություն ունենան մասնակցել այդ ծրագրին։ Ըստ Բաբայանի՝ նման շենքերի թիվը քիչ չէ:

Մյուս կողմից, շատ ու շատ բնակարանատերեր իրենց բնակարաններում արդեն տեղադրել են անկախ ջեռուցման համակարգեր: «Խնդիրն այստեղ այն է, որ գոնե մենք կարողանանք վերահսկել ու ապահովել անվտանգության հարցերը: Ինչպես նաեւ՝ գովազդել, որ կան այսպիսի ապահով վառարաններ կամ կաթսաներ»:

Լոկալ ջեռուցման ցանցերը ներդնելու կամ կենտրոնացված ջեռուցման կաթսայատները վերականգնելու նպատակով, ըստ Բաբայանի, Համաշխարհային բանկի վարկը կառավարությունը մոտ 6 տոկոսով կհատկացնի հայաստանյան մասնավոր բանկերին, որոնք էլ այդ միջոցները տարեկան 10-12 տոկոս տոկոսադրույքով 7 տարի ժամկետով կհատկացնեն այն մասնավոր ընկերություններին, որոնք համատիրությունների, կամ առանձին շենքերի հետ պայմանագրեր կնքած, կկառուցեն կամ կվերականգնեն նրանց ջեռուցման կենտրոնացված ցանցերը։

Առանձին շենքերը կամ նրանց խմբերը համատիրությունների միջոցով նույնպես կարող են դիմել բանկերին՝ ջեռուցման վարկ ստանալու եւ ժամանակի ընթացքում այն մարելու նպատակով։

Հարցին, թե ինչպիսին կլինի այդկերպ ստեղծված ջեռուցման ցանցի ջերմամատակարարման սակագինը, Թամարա Բաբայանը պատասխանեց, թե լոկալ ջեռուցման ցանցի ջերմամատարարման միավորի սակագինը՝ բերված էլեկտրաէներգիայի կիլովատտի, կկազմի առավելագույնը 14 դրամ։

Մասնագետները, մինչդեռ, հաշվարկել են, որ ջեռուցման նման ցանց ունեցող բնակարանատերերի վրա վերցված վարկի սպասարկման վճարը տարեկան 700 դոլար է կազմում։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG