Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը, արձագանքելով փաստին, որ «Նոր Երկիր» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Արտաշես Թումանյանը լքել է կուսակցությունը, հավելում է. - «Բայց որ ավելի տարօրինակ է, նա իր համախոհներին որեւէ բացատրություն չի տվել տեղի ունեցողի կապակցությամբ: Ավելին, իր որոշումը փոխանցել է ուրիշի միջոցով... Երրորդ անձի միջոցով ուղարկել է հետեւյալ բանավոր հայտարարությունը. - «Ես հեռանում եմ կուսակցությունից. այդպես է պետք»։ Թե ինչո՞ւ է այդպես պետք, որեւէ մեկին հստակ պարզաբանում չի տրվել»: «Թումանյանին նման վիճակի հասցնելը ահաբեկել է իշխանությանը ենթակա շատ քաղաքական ուժերի, որոնք իրենցից մեկի օրինակով հերթական անգամ հասկացան, թե ինչպիսի երկրում են իրենք ապրում», - շարունակում է թերթը։ - «Իսկ ոմանք էլ արդեն երեկ հեռակա կարգով դաս էին տալիս Թումանյանին. - «Որ մենք խելոք գնում ու իշխանությունների ուզած կոճակը սեղմում ենք, կարո՞ղ է մենք Թումանյանից դուխով պակաս տղա ենք։ Չէ, մենք պարզապես հասկանում ենք, որ եթե իրենց ուզած կոճակը չսեղմեցիր, քեզ են կոճակի պես սեղմելու»:

Ըստ lragir.am-ի, Արտաշես Թումանյանը «առանձնապես կամավոր չի հրաժարվել» սեփական կուսակցություն հիմնադրելու մտքից. - «Մեր աղբյուրները հավաստիացնում են, որ օրերս Արտաշես Թումանյանը հրավիրվել է նախ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վեցերորդ վարչություն եւ ապա՝ ազգային անվտանգության ծառայություն: Սույն ուժային կառույցներում Արտաշես Թումանյանը մնացել է մի քանի ժամ եւ հենց այս «այցերից» հետո է «հասկացել», որ Հայստանում եւս մեկ կուսակցություն ստեղծելու կարիք չկա»:

«Արտաշես Թումանյանի հետ կատարված դեպքը, իհարկե, Հայաստանի կանաչապատման վրա դրական ազդեցություն կթողնի», - եզրահանգում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Աղվան Հովսեփյանը որոշեց կուսակցություն ստեղծելու փոխարեն ծառ տնկել: Բայց ամեն դեպքում իշխանական դաշտը կարգին վախեցավ: Ու որեւէ մեկն այլեւս նոր կուսակցություն ստեղծել չի ուզում»:

Հիշեցնելով, որ «Ա1+»-ին վտարելու որոշումը դատարանը կայացրել էր ԳԱԱ-ի նախագահ Ֆադեյ Սարգսյանի հայցադիմումի հիման վրա՝ «Հայկական ժամանակ»-ը բխեցնում է. - «Սա թերեւս վերջին ծառայությունն է, որ Ֆադեյ Տաճատիչը Ռոբերտ Քոչարյանին մատուցում է որպես ԳԱԱ-ի նախագահ»: «Իշխանությունները փորձում են վերջնականապես զրկել «Ա1+»-ին ընդհանրապես գործելու որեւէ հնարավորությունից», - սահմանված է «Առավոտ»-ում:

«Իրավունք»-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները, գրում է, թե Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը իրականում «բավականին կոշտ խոսակցություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի այդքան խոստացվող համաձայնության շուրջ որեւէ պայմանավորվածություն կարծես ձեռք չի բերվել». - «Բայց մինչ այդ, նախօրեին ընդդիմադիր եւ իշխանական գործիչների հետ ճաշելիս ԱՄՆ դիվանագետները ակնարկ են արել այն մասին, որ մինչեւ հուլիս - օգոստոս ամիսները ԱՄՆ-ն իր խաղաղապահ ուժերը կտեղակայի Արցախի տարածքում»: «Հայրենի ընդդիմադիր քաղաքական գործիչները տեսակետ են հայտնում, որ տարածաշրջան եկած Սթիվեն Մաննը, Դենիել Ֆրիդը, Պենտագոնի գնդապետ Մայք Անդերսենը հստակ գիտեն խնդրի լուծման ժամկետները, անելիքները եւ «խնդիրը չորով դրված» ու որոշված տանում են լուծման: Այլ կերպ ասած, 2006-ին ԼՂՀ հիմնահարցի լուծումն անխուսափելի է», - վերջակետում է «Իրավունք»-ը:

«Հայկական ժամանակ»-ը, գրելով, թե այդ ընդունելությանը Դենիել Ֆրիդը, ըստ էության, ոչ մի նոր բան չի ասել,՝ փոխանցում է ճաշի մասնակիցներից մեկի խոսքերը. - «Նա պատմեց Իլհամ Ալիեւի հետ իր ունեցած հանդիպման տպավորությունը եւ վստահաբար ասաց, որ իր տպավորությամբ Իլհամ Ալիեւը երբեք պատերազմի չի գնա, որովհետեւ նա Ադրբեջանի գործիչների մեջ ամենաչափավորն է: Իսկ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները, ըստ Ֆրիդի, արվում են ներքին օգտագործման համար: Ֆրիդն ուղղակի ասաց, որ Ալիեւը եռանախագահողներին այլ բան է ասում, իսկ իր երկրում բոլորովին այլ հայտարարություններ է անում»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխանցմամբ, «Հ2» հեռուսատընկերության «Լրաբեր» ծրագրի հարցազրույցում պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին հանդես եկավ ռազմատենչ հայտարարություններով՝ համեմատելով իրենց ռազմական բյուջեն Հայաստանի ընդհանուր բյուջեի հետ, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է. - «Առաջին անգամ չենք լսում Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման մասին: Թվում է, թե այդ բյուջեն ավելանում է օրեցօր, եւ թերեւս դրա համար են ադրբեջանական վայ-մարտիկներն անընդհատ սահմանի վրա խախտում զինադադարի ռեժիմը` սպառելու համար զինամթերքի այդ ավելցուկը»:

«Ազատագրված տարածքների պաշտպանության» նախաձեռնող խմբի հրավիրած կլոր սեղանի մասնակիցները զայրացած էին, որ տարածքների հանձնման մասին այսօր ավելի շատ խոսում է պաշտպանության նախարարը, քան որեւէ այլ պաշտոնյա», - ներկայացնում է «Այբ-ֆե»-ն: «Ազգ»-ը նույն քննարկումից մեջբերում է պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի գնահատականը. - «Սերժ Սարգսյանի հայտարարությունն արվել է մի նպատակով՝ դուր գալ Արեւմուտքին, որովհետեւ Հայաստանում պայքարը գնում է ոչ թե տարածքների, Ղարաբաղի համար, այլ՝ իշխանությունը պահելու»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG