Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի պատգամավորը «վաղաժամ» է համարում Սաֆարովի էքստրադիցիայի մասին խոսելը


«Հունգարական օրենքներով չի բացառվում Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության դատապարտելը, սակայն նման դատավճռի համար հիմքեր չկան», - «Թրենդ» գործակալությանը ասել է Ռամիլ Սաֆարովի պաշտպանության կոմիտեի անդամ, պատգամավոր Ազայ Գուլիեւը:

«Ադրբեջան Ռամիլ Սաֆարովի էքստադիցիայի մասին խոսելն առայժմ վաղաժամ է: Բացի այդ, այս հարցը օրակարգ մտցնելն եւ ուռճացնելը կվնասեր ադրբեջանական կողմին: Հայերը դա օգտագործում են ու հայտարարում, որ ադրբեջանական կողմը ցանկանում է ազատել Ռամիլ Սաֆարովին: Էքստրադիցիայի մասին խոսել կարելի է միայն դատարանի արդար վճռից հետո», - նշել է Գուլիեւը:

Օրերս աշխարհի ադրբեջանցիների 2-րդ համագումարին մասնակցելու նպատակով Բաքու ժամանած Հունգարիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Իսլան Վաշարին ԱՊԱ գործակալությանը ասել էր. - «Մենք ոչինչ չենք լսել Ռամիլ Սաֆարովի մասին եւ առաջին անգամ ենք լսում այդ գործի մասին»:

Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2004 թվականի փետրվարի 19-ին կացնահարել էր նույն դասընթացներին մասնակցող Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: Սաֆարովին սպառնում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն:

Սաֆարովի դատավճիռը հրապարակվելու է ապրիլի 13-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG