Մատչելիության հղումներ

«Ռոյալ-Արմենիա»-ն դիմում է նախագահին


«Ռոյալ-Արմենիա» ընկերությունը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ պնդելով, թե ընկերության եւ դրա ղեկավարների նկատմամբ ապօրինություններ են իրականացվում:

«Ռոյալ-Արմենիա»-ի համասեփականատեր Գագիկ Հակոբյանի եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանի նկատմամբ 2005 թվականին քրեական գործ էր հարուցվել: Երկուսն էլ կալանավորված են, նախաքննությունը շարունակվում է:

«Բաց նամակում նշված է, որ քրեական գործով իրականացվում է ոչ թե օբյեկտիվ նախաքննություն, այլ քրեական ահաբեկչություն: Ընկերության ղեկավարներին պատժում են Մաքսային պետական կոմիտեի պաշտոնատար անձանց ապօրինի պահանջները չկատարելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ռոյալ-Արմենիա» ընկերության իրավաբան Գեւորգ Մինասյանը:

Նրա խոսքերով, առաջին պատասխանատուներն են Հայաստանի մաքսային պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Գագիկ Խաչատրյանը եւ վարչության պետ Սուրեն Ֆահրադյանը, ովքեր, ըստ Մինասյանի, 2003 թվականին «Ռոյալ-Արմենիա»-ի համասեփականատեր Գագիկ Հակոբյանին հորդորել են «կաշառք տալ եւ խնդիրներ չունենալ»:

Տարեսկզբին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր մաքսային կոմիտեին՝ ներմուծված միատեսակ ապրանքները տարբեր մաքսային արժեքներով մաքսազերծելու համար: Նախագահին ուղղված բաց նամակում նշվում է, որ «Ռոյալ-Արմենիա»-ն «նույն խաղերի զոհն է»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG