Մատչելիության հղումներ

Հայաստանը ցանկանում է անդամակցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության նորաստեղծ խորհրդին


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օրերս որոշեց Մարդու իրավունքների խորհուրդ ձեւավորել, որը կփոխարինի Մարդու իրավունքների հանձնաժողովին: Հայաստանը կողմ է արտահայտվել խորհրդի ձեւավորմանը:

«Մարդու իրավունքների պաշտպանվածությունը կմնա պետությունների խնդիրը, իսկ խորհուրդը մեխանիզմներ է իր մեջ պարունակում վերահսկելու, նոր ստանդարտներ առաջարկելու, գնահատականներ տալու եւ օպերատիվ արձագանքելու որեւէ երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքում: Խորհուրդը, փաստորեն, դառնում է Գլխավոր ասամբլեայի մարմին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ Հայաստանը՝ 2002 թվականից լինելով մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, 2004 թվականին վերընտրվել էր մինչեւ 2007 թվականը: «Որքան գիտեմ, Երեւանում արդեն որոշումը կայացված է, որ Հայաստանը առաջադրելու է իր թեկնածությունը Մարդու իրավունքների առաջին գումարման խորհրդին անդամակցելու համար», - ասաց Արմեն Մարտիրոսյանը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ մարտի 15-ին քվեարկեց հօգուտ Մարդու իրադունքների խորհրդի ձեւավորման: 47 անդամներից բաղկացած ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը պետք է պարբարերաբար ուսումնասիրի ՄԱԿ-ի անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների մասին զեկույցները: Խորհրդի որոշումները պարտադիր բնույթ են կրելու: Նորաստեղծ կառույցը փոխարինելու է Ժնեւում գործող ՄԱԿ-ի մարդու իրավունքների՝ 53 անդամ ունեցող հանձնաժողովին:

ՄԱԿ-ը այսուհետ կունենա երեք խորհուրդ՝ Սոցիալ-տնտեսական հարցերի, Անվտանգության ու Մարդու իրավունքների: Որոշումն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ ու Միացայլ Նահանգների բացասական դիրքորոշման պայմաններում: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բոլթոնը նշել է, թե «Միացյալ Նահանգները վստահ չէ, որ նոր կառույցը նախորդից ավելի լավը կլինի»:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG