Մատչելիության հղումներ

Բոյանա Ուրումովա. «Օմբուդսմենի 2005-֊ի զեկույցը պետք է խորհրդարանում ամբողջովին ներկայացվի»


«Պետք է հարգել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի դրույթները, եւ օմբուդսմենի 2005֊ի զեկույցը պետք է խորհրդարանում ամբողջովին ներկայացվի, որովհետեւ հասարակությունը դրան տեղեկանալու իրավունք ունի», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

Հիշեցնելով, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնումը Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից է, Ուրումովան ասաց, որ կազմակերպությունն ուշադիր հետեւել է այս ինստիտուտի ձեւավորմանը եւ դրական է գնահատում, որ նոր պաշտպանն արդեն ստանձնել է պաշտոնն ու հետեւում է մնացել դրա թափուր լինելու ժամանակահատվածը:

Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության բուն ընթացքին վերաբերող հարցին Բոյանա Ուրումովան պատասխանեց. - «Ինչ հիմա շեշտել կուզենայի՝ դրական է, որ պաշտոնն այժմ թափուր չէ, եւ այժմ նոր օմբուդսմեն կա, որը կարող է կատարել հասարակության հանդեպ ծառայությունը»:

Հայաստանում լրատվամիջոցների ազատության ներկայիս վիճակին վերաբերող հարցին Եվրախորհրդի ներկայացուցիչը պատասխանեց. - «Եվրախորհուրդն ուշադիր հետեւում է Հայաստանում մամուլի ազատության ու բազմակարծության վիճակին»:

Նա հիշեցրեց, որ թե’ Խոհրդարանական վեհաժողովի դիտարկման հանձնաժողովը, թե’ նախարարների կոմիտեի Ագոյի խումբը՝ իշխանությունների առջեւ բարձրացրել են «Ա1+» հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր չտալու հարցը:

«Եվրոպական չափանիշներ համաձայն», - ավելացրեց Բոյանա Ուրումովան, - «հեռարձակման արտոնագրերի շնորհումը կամ մերժումը պետք է հիմնված լինի հետեւողական, անաչառ եւ թափանցիկ չափանիշների վրա»:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հիշեցրեց նաեւ Եվրախորհրդի պնդումները՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման այնպիսի եղանակի առիթով, որով նրա անդամների հանդեպ քաղաքական միջամտությունը կբացառվի:

Սահմանադրության փոփոխություններով նշված հանձնաժողովի անդամների կեսին հետագայում նշանակելու է Ազգային Ժողովը, մյուս կեսին՝ երկրի նախագահը: Ներկայումս նախագահն է միանձնյա նշանակում հանձնաժողովի բոլոր անդամներին: Բայց, ի տարբերություն շատ այլ օրենքների, սահմանադրության անցումային դրույթներում ամրագրված չէ, թե որն է այս օրենքը փոխելու վերջին ժամկետը:

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, մինչդեռ, այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր տարեկան զեկույցի (որը նա այդպես էլ չկարողացավ ներկայացնել Ազգային ժողովում) հակիրճ բնութագիրն արդեն տեղադրվել է էլեկտրոնային որոշ լրատվամիջոցների կայքէջերում:

«Այս պահին լրիվ պատրաստ է զեկույցը: Ես աշխատում եմ շատ մեծ պատասխանատվությամբ: Եվ չեմ շտապում, որովհետեւ օրենքը թույլ է տալիս դա անել մինչեւ մատրի 31-ը ներառյալ», - ասաց Ալավերդյանը:

Մարդու իրավունքների նոր պաշտպան Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ առաջիկա օրերին պատրաստվում է զեկույց ներկայացնել խորհրդարանին: Զեկույցը, բնականաբար, չի կարող լինել իր գործունեության մասին, այլ, ինչպես օրենքն է պահանջում՝ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին:

Ազգային ժողովի՝ փետրվարին ընդունած որոշմամբ, զեկույցի հրապարակման ժամանակ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավարդյանը հրավիրվել է, իր ձեւակերպմամբ՝ «որպես ելույթ ունեցողներից մեկը»:


Ռուզան Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG