Մատչելիության հղումներ

«Ա1+»-ը վտարվում է զբաղեցրած տարածքից


Օրվա առաջին կեսին, երբ Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով «Ա1+»-ի փակման խնդրին, առաջարկում էր քննարկման մասնակիցներին հետեւողական լինել, երկրում օրինականություն հաստատելու համար սկսել հանուն խոսքի ազատության եւ «Ա1+»-ի վերաբացման պայքարից, որեւէ մեկը չգիտեր, որ հեռուստաընկերության աշխատակազմին վտարելու հարցը նորից է բարձրացվելու:

«Խնդիրը միանշանակ պարզ է՝ «Ա1+»-ին վտարելը: Հիմա դա շատ արդիական է դարձել: Եվ՝ ինչքան հնարավոր է շուտ վտարելը: Պատճառաբանությունը նա է, որ Ազգային ակադեմիան տեղավորելու տեղ չունի Լեզվի ինստիտուտը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Մելտեքս» ընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը:

Հարցին, թե ամիսներ առաջ ինքը չէ՞ր ստացել խոստում, որ հեռուստաընկերությունը կմնա նույն տեղում, Մովսեսյանը պատասխանեց. - «Խոստումը եղել է՝ բանավոր պայմանավորվածություն կառավարության եւ մեր միջեւ: Ոչ մի գրավոր հրաման կամ կարգադրություն: Եվ կառավարությունը պետք է մեզ առաջարկեր համարժեք տարածք: Մեկ անգամ եղավ առաջարկություն, բայց չբավարարեց սենյակների քանակը»:

Մովսեսյանը ասաց, որ վաղը պիտի հանդիպի պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցների հետ, որոնք նոր առաջարկ պետք է անեն. - «Սակայն այսօր հարկադիր կատարածուները առաջադրել են մեզ մինչեւ վաղը ժամը 12-ը սկսել տարածքի ազատման գործընթացը: Մի քիչ անհեթեթ իրավիճակ է. չունենալով որեւէ տեղ, ես չեմ պատրաստվում դեռ դուրս գալ այստեղից»:

Իրավիճակի հանգուցալուծումը «Ա1+»-ի տնօրենը տեսնում է «հարցի խաղաղ լուծման ճանապարհներ գտնելու մեջ». - «Այլապես պայքարի նոր ճանապարհ պետք է ընտրենք»:

«Ես հուսով եմ, որ վաղը կլինի նոր առաջարկ, որը կբավարարի մեր պահանջները», - եզրափակեց Մեսրոպ Մովսեսյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG