Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդ. «Ղարաբաղյան կարգավորման գործընթացում լճացում չկա»


Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-֊ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը այսօր Երեւանում հայտարարեց, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում լճացում չկա:

«Համոզված եմ, որ բանակցությունները կարող են շարունակվել: Մեր քննարկումները Բաքվում եւ Երեւանում լուրջ էին»,֊ - ասաց ամերիկացի դիվանագետը, որն այսօր հանդիպել է Հայաստանի նախագահի, արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի հետ:

Դենիել Ֆրիդը, որն այցելել է նաեւ Ադրբեջան եւ Վրաստան, հայտնեց, որ տարածաշրջան կատարած իր այցելության նպատակն էր ծանոթանալ Ռամբույեի հանդիպումից հետո ստեղծված կացությանը, քննարկել էներգետիկ անվտանգության եւ տարածաշրջանի ապագայի հարցերը:

Միաժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ
Սթիվեն Մաննը, որն ուղեկցում էր պետքարտուղարի տեղակալին, «դժվար փաստ» անվանեց այն իրողությունը, որ Ռամբույեում առաջընթաց չի գրանցվել: «Բայց երկու երկրների նախագահները առաջ շարժվելու պատրաստակամություն ունեն», - փաստեց նա:

Դենիել Ֆրիդը եւ Սթիվեն Մաննը երեկ «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում հանդիպել են Հայաստանի իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերը ներկայացնող մոտ մեկ տասնյակ գործիչների հետ:

Ամերիկացի դիվանագետները Երեւանից մեկնեցին Թուրքիա, որտեղ օրերս տեղի է ունենալու Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG