Մատչելիության հղումներ

Բուրջանաձեն բացառել է մայր գազատարի վաճառքի հնարավորությունը


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն այսօր բացառել է Հարավային Կովկասը սնող մայր գազատարի վաճառքի հնարավորությունը:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ո’չ ես, ո’չ խորհրդարանական մեծամասնության մյուս անդամները, ո’չ նախագահ Սահակաշվիլին թույլ չեն տա վաճառել մայր գազատարը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Բուրջանաձեն՝ արձագանքելով օրերս Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրիի հայտարարությանը, թե գազատարը կարող է վաճառվել «Գազպրոմ»-ին՝ եթե առաջարկվող գինը «ընդունելի» լինի:

Նինո Բուրջանաձեն վկայակոչել է 2 տարի առաջ Վրաստանի խորհրդարանի ընդունած որոշումը, ըստ որի երկրի ռազմավարական նշանակության օբյեկտները չեն կարող վաճառվել առանց պատգամավորների համաձայնության: Խորհրդարանի խոսնակը շեշտել է, թե «գազատարի վաճառքի հարցը բարձրացնող ցանկացած նախարար ստիպված է լինելու զրկվել իր պաշտոնից»:

Իսկ «Ռոյթերզ» գործակալությունը հաղորդում է, որ Վրաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մշտական ներկայացուցիչ Նիկոլայ Խաջինսկին նախօրեին հայտնել է, որ ՎԶԵԲ-ը մտադիր է մասնակցել Վրաստանը եւ Հայաստանը սնող մայր գազատարի վերակառուցման աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG