Մատչելիության հղումներ

logo-print

Աբիդ Շարիֆով. «Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը Բաքվում ԵԱՀԿ համաժողովին Ադրբեջանի եւ Հայաստանի համագործակցության վկայություն չէ»


Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը հայտարարել է, որ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը Բաքվում այսօր մեկնարկած ԵԱՀԿ-ի 14-րդ տնտեսական համաժողովի նախապատրաստմանը նվիրված միջազգային խորհրդաժողովին չի վկայում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակության մասին:

«Միջոցառումը կազմակերպել է ԵԱՀԿ-ն, եւ դրան մասնակցում ենք որպես կազմակերպության անդամ պետություն: Ադրբեջանը եւ Հայաստանը մասնակցում են միջազգային տարբեր միջոցառումների Բաքվում կամ Երեւանում: Մեր տարածքները գրաված երկրի հետ համագործակցության մասին խոսք անգամ լինել չի կարող», - «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ասել է Շարիֆովը:

Երկօրյա խորհրդաժողովին, որի հիմնական թեման ԵԱՀԿ շրջանակներում ռիսկերի նվազեցումն է տրանսպորտային անվտանգության ոլորտում, մասնակցում են երեք պատվիրակներ Հայաստանից: Խորհրդաժողովի շուրջ 100 արտերկրյա հյուրերի թվում են ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը, ԵԱՀԿ համակարգողը տնտեսության եւ շրջակա միջավայրի ոլորտում, ՄԱԿ-ի փորձագետներ:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանիհետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ համաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանի ԱԳՆ-ից, ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից: Բացի այդ, խորհրդաժողովին ներկա է նաեւ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG