Մատչելիության հղումներ

Գյուլ՝ «Թուրքիան չի ամաչում իր անցյալից»


«Թուրքիան համերաշխ է իր անցյալի հետ, եւ մեր պատմության մեջ չկան էջեր, որոնցից մենք ամաչենք», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը հայ֊-թուրքական հարաբերություններին նվիրված գիտաժողովի մասնակիցներին հղած ուղերձում:

Այսօր Ստամբուլի համալսարանում բացվել է «Նոր մոտեցումներ հայ֊թուրքական հարաբերություններին» թեմայով գիտաժողովը, որին մասնակցում է մոտ 70 պատմաբան տարբեր երկրներից:

«Հարցին նվիրված անկողմնակալ հետազոտությունների թիվը Ամերիկայում եւ Եվրոպայում աճել է: Մենք հնարավորություն ունենք լսելի դարձնել ճշմարտության ձայնը՝ հակադրելով այն սփյուռքահայերի միակողմանի հրապարակումներին», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Միաժամանակ Ստամբուլի համալսարանի ռեկտոր Մեսութ Փարլակը ասել է. - «Ցեղասպանության վերաբերյալ միջազգային օրենսդրությունը ընդունվել է 1948 թվականին եւ չի վերաբերում անցյալի դրվագներին: Ուստի անհնար եւ անօրինական է 1915-֊ի դեպքերը ցեղասպանություն որակելը»:

Մինչդեռ «Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդում է, որ Ստամբուլի գիտաժողովին մասնակցող հրեա գիտնական Յեյր Աուրոնը հրապարակավ օգտագործել է «ցեղասպանություն» հասկացությունը եւ կոչ արել թուրքերին հարցականի տակ առնել իրենց անցյալը:

«Քաղաքացիական ամեն հանրություն պետք է գործ ունենա իր անցյալի հետ՝ ներառյալ այդ անցյալի սեւ էջերը», - ասել է Աուրոնը, որն ուսումնասիրել է Օսմանյան ժամանակաշրջանի հրեական արխիվները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG