Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունները կասկածի տակ են առնում գազի սակագնի բարձրացման մասին որոշումը


Սպառողների պաշտպանությանը հետամուտ 6 հասարակական կազմակերպություններ ներառող Հասարակական պաշտպանների միությունը այսօր հրավիրած ասուլիսում տարածեց հայտարարություն, որով կասկածի տակ է դրվում գազի սակագնի բարձրացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մարտի 10-ին ընդունած որոշումը։

Հայտարարվեց նաեւ, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր որոշումը կայացրել է հասարակության աչքից հեռու, չի ապահովել օրենքով նախատեսված ընթացակարգերը: Նաեւ՝ հաստատել է սակագին, որի հիմնավորված չէ շահագործման ծախսերի մասով։

Ըստ ասուլիսի կազմակերպիչների, մարտի վերջին կհրավիրվի կլոր սեղան, որտեղ իրենք հույս ունեն ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ Աբգար Եղոյանը այդ կապակցությամբ ասաց. - «Մեր փորձագետները կկարողանան ցույց տալ, թե ինչպիսի ռեզերվ ուներ տվյալ սակագինը»:

«Գազ սպաող բնակիչների համար սակագինը կարելի էր ոչ թե 90, այլ 80 դրամ սահմանել», - պնդեց Եղոյանը՝ հավելելով, թե այս պահին «Հայռուսգազարդ»-ի աշխատակիցների աշխատավարձերի 40 տոկոսանոց բարձրացումը «նպատակահարմար չէր»։

Նույն կարծիքը հայտնեց եւ Հայաստանի համայնքների միության նախագահ Արամ Գրիգորյանը՝ պնդելով. - «Հայռուսգազարդ»-ը, օգտվելով առիթից, բարձրացրեց նաեւ իր աշխատողների աշխատավարձը»:

Հասարակական շահերի պաշտպանները չբացառեցին նաեւ ապրիլի սկզբին հանրահավաքների կազմակերպումը ընդդեմ գազի սակագնի բարձրացման որոշման:

Սակագնի բարձրացումը, ըստ Արամ Գրիգորյանի, անհիմն է, իսկ կարգավորող հանձնաժողովի որոշումը, որով նոր սակագին է սահմանվել, լեգիտիմ չէ:

Այդուհանդերձ, հասարակական շահերի պաշտպաններն իրենց հերթին տնտեսագիտական լուրջ հաշվարկներ չներկայացին, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գազի սակագնի 50 տոկոսանոց բարձրացումը տնտեսագիտական լուրջ հիմնավորում չունի:

Ամեն դեպքում, Գրիգորյանը կանխատեսում է, որ գազի թանկացմանը մեխանիկորեն կհաջորդի հոսանքի ու ջրի թանկացումը. - «Այս պրոցեսին հետեւելու է էլեկտրաէներգիայի սակագնի աճ, ինչը, ես կարծում են, նույն ձեւով է լինելու՝ 2-3 օրվա ընթացքում: Դրան հետեւելու է, մեր կանխատեսումներով, ապրիլ ամսվա մեջ ջրի սակագների վերանայում»:

Հայաստանի ջրամատակարարման համակարգի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Հայջրմուղկոյուղի»-ն, որը, ի դեպ, այսօր շնորհանդես էր կազմակերպել՝ իր գործունեության տարեկան արդյունքները ամփոփելու, առայժմ խուսափում է ջրի սակագնի վերաբերյալ հրապակային դատողություններ անել։ Ընկերության գործադիր տնօրեն Պիտեր Լորենը իր շուրջ երկժամանոց ելույթում այդպես էլ անդրադարձ չարեց սակագնի հնարավոր բարձրացման հարցին։ Նույնպիսի դիրքորոշում ուներ Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Արամ Անդրեասյանը, որի ասելիքը մոտավորապես այսպիսն էր՝ ջրի սակագինը կախված կլինի նրանից, թե որքանով կթանկանա հոսանքը:



Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG