Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մեր ժողովուրդը թանկ կվճարի ոչ միայն վառած գազի ու լույսի համար, այլեւ՝ հացի, ձվի, կաթնամթերքի, պահածոների ու շինանյութի համար: Նույնիսկ գազարի ու կարտոֆիլի համար, որովհետեւ արամուսցին ու մարտունեցին իրենց մշակաբույսը շուկա կհասցնեն ծառայություններն արդեն թանկ գնով վաճառող գազով աշխատող տրանսպորտային միջոցներով», - կանխորոշված է «168 ժամ»-ում: - «Իսկ մեր պետական այրերն ու տնտեսագետները հաշվարկել են, որ 2006 թվականին սղաճը ընդամենը 3 տոկոս կլինի, այսինքն ապրանքների գներն ընդամենը 3 տոկոսով կբարձրանան: Մինչդեռ, փորձագետները հաշվում են, որ տարվա վերջում սղաճը կհասնի մինչեւ 22-25 տոկոսի»:

«Իրավունք»-ի հաշվարկներով՝ այսօրվա իրավիճակում անգամ հնարավոր են քայլեր, որոնք գոնե «բնակչության մասով սահմանված 90 դրամը կարող են նվազեցնել առնվազն 10-15 դրամով». - «Գազի գնի բարձրացման պարագայում միայն ԱԱՀ-ի գծով վերոհիշյալ գումարի չափով պետբյուջեն ստանում է հավելյալ եկամուտներ: Եթե մեր կառավարությունը որոշի հրաժարվել բյուջեով չնախատեսված այդ եկամուտներից, ապա այդ չափով հնարավոր է նվազեցնել միջին սակագինը»:

«Հայկական ժամանակ»-ը չի բացառում, որ հասարակությանը «հերթական շոուն մատուցվի». - «Երթուղիների տերերը ուղեվարձը թանկացնելու հայտ ներկայացնեն Երեւանի քաղաքապետարանին, Ռոբերտ Քոչարյանը այցելի քաղաքապետարան, ջղային հայացքով խորհրդակցություն անցկացնի ու հետո հայտարարվի, որ ուղեվարձերը չեն բարձրացվել միայն Քոչարյանի միջամտությունից հետո»:

«Պատերազմի դեպքում Ադրբեջանը շատ ավելի կորուստներ կունենա, քան եթե Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվի բանակցություններով». - այսպիսի վերնագրով «Հայաստանի Հանրապետություն» թերթը ներկայացնում է Վարդան Օսկանյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությունը, ուր արտգործնախարարը մասնավորապես ասում է. - «Եթե ադրբեջանական կողմը այսօր պատրաստ չէ, կամ չի ուզում ռիսկ վերցնել պարզ կոմպրոմիսային տարբերակով հարցի լուծմանը հասնելու, ապա երբեք ռիսկի չի գնա հարցը կարգավորելու պատերազմական ճանապարհով»: «Բանակցային ճանապարհով նրանք շատ ունեն ստանալու, եւ տալու են այն, ինչը լավ գիտեն, որ կորցրել են», - հավելել է Հայաստանի արտգործնախարարը:

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նշում է. - «Խնդիրն այն չէ, թե ով է բանակցում ադրբեջանական կողմի հետ` Հայաստա՞նը, թե՞ Լեռնային Ղարաբաղը... Չկա միասնական ծրագիր` մոտեցումների ընդհանուր փաթեթ, որի շրջանակում հայկական կողմը պետք է բանակցություններ վարի Ադրբեջանի հետ՝ անկախ նրանից բանակցողը Հայաստանն է, թե Ղարաբաղը: Քանի դեռ այս փաթեթը չկա, միշտ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Հայաստանը, որպես բանակցող կողմ, Ադրբեջանի հետ հասնի ինչ-որ հանգրվանի, իսկ Ղարաբաղի ղեկավարությունը չհամաձայնի կամ պատրաստ չլինի իր վրա վերցնելու այդ պատասխանատվությունը»: Չհամաձայնելով Լեռնային Ղարաբաղի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է դուրս գա բանակցություններից եւ իր տեղը զիջի Ղարաբաղին՝ նախկին հրամանատարը թերթի հարցազրույցում ասում է. - «Հայաստանը ընդհանրապես բանակցային գործընթացից դուրս մղելը ճիշտ մոտեցում չէր լինի»:

«168 ժամ»-ի տեղեկություններով, Ծալկայում կատարված սպանության հետեւանքով շրջանը դառնում է անկառավարելի, եւ դա է պատճառը, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ շաբաթ երեկոյան Ծալկայի շրջան են մեկնել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արարատ Մահտեսյանը եւ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանը:

Oրերս «Իրավունք»-ը գրել էր, թե Հայաստանի ռազմական ինստիտուտի դաստիարակչական գծով փոխտնօրեն Վոլոդյա Հովհաննիսյանը իր ելույթում ասել էր. - «Վազգենը կռվում էր հայրենիքի, ոչ թե փափկասուն Արմենչիկների համար»: Հիշեցնելով այս դրվագը՝ թերթն այսօր շարունակում է. - «Պարզվում է՝ այս արտահայտությունը փշի պես կանգնել է հայրենի իշխանությունների կոկորդին, եւ արտահայտած մտքի համար ժողովրդավարության, խոսքի ազատության մասին հորջորջող մեր ղեկավար այրերը գնդապետին պարզապես հեռացրել են աշխատանքից»: «Իսկ թե ինչու է ՀՀ նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գեւորգյանը ասված խոսքերը հենց իրեն վերագրել, հայտնի է միայն, թերեւս, Արմեն Գեւորգյանին»:

«Մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի գործը կարճվել է», - տեղեկացնում է «Հայկական ժամանակը»: Այդ մասին թերթին ասել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազի տեղակալ Աղվան Գեւորգյանը՝ փաստարկելով, թե գործը կարճվել է «իրադրության փոփոխության հիմքով»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG