Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյան. «Հայաստանի դժվարությունները պետք է մտահոգեն նաեւ Ռուսաստանին»


Մոսկվայում այսօր կայանալու է Հայաստան - Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի տասներորդ նիստը, որում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը գլխավորում է Ազգային Ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը:

«Մենք ունենալու ենք խորհրդարանական մակարդակով շատ բարձր հանդիպումներ: Ներկայացնելու ենք քաղաքական զարգացումները Հայաստանում եւ տարածաշրջանում, դժվար իրավիճակը, որն անխուսափելիորեն տիրելու է Հայաստանում՝ կապված Ռուսաստանի էներգետիկ նոր քաղաքականության հետ: Այն կոնկրետ դժվարությունները, որոնք վերաբերելու են Հայաստանին, կարծում եմ, պետք է մտահոգության առարկա դառնան նաեւ մեր բարեկամ երկրի՝ Ռուսաստանի համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վահան Հովհաննիսյանը:

Ըստ նրա, նախատեսվում է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի պատգամավորների հետ, որտեղ քննարկվելու է Անկախ պետությունների համագործակցության ճակատագիրը:

«Վերջապես, ակնհայտ է, որ միջազգային այս կառույցը իր կենսունակությունը ապացուցելու հարց ունի, կամ, ի վերջո, ճակատագիրը պետք է որոշվի: Եվ Հայաստանի պառլամենտականների համար մեր ռուս գործընկերների պատկերացումները ԱՊՀ զարգացումների մասին շատ կարեւոր են», - եզրափակեց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը:

Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության մոսկովյան այցը կավարտվի մարտի 16-ին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG