Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 11-ը մարտի)

«Հայաստանի Հանրապետություն» թերթի ճակատին ընդգծված է՝ «Նոր ատոմակայան»: «Հաստատ է, որ Հայաստանում միջուկային էներգետիկան այլընտրանք չունի, եւ այն մեր էներգետիկական անվտանգության գլխավոր երաշխիքներից է: Համաշխարհային տնտեսական զարգացումների համապատկերում ատոմակայան չունենալու մասին մտածելն անգամ անլուրջ է», - գտնում է թերթը:

«Առավոտ»-ի հարցին, թե հնարավո՞ր համարում է իրավիճակի այնպիսի զարգացում, հարցի այնպիսի պարտադրանք, որի արդյունքում այս անգամ էլ հրաժարական տա Ռոբերտ Քոչարյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, երկրապահ-կամավորական Ալբերտ Բազեյանն ասում է. - «Ոչինչ բացառել հնարավոր չէ, բայց այդ սցենարը գրեթե անհնարին եմ համարում: Ռոբերտ Քոչարյանի համար իր իշխանությունից բարձր ոչինչ չկա, եւ նա ամեն ինչ արել է, անում է եւ անելու է՝ այդ իշխանությունն ամեն գնով պահելու համար»:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու քննարկումներին՝ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը «Հայոց Աշխարհ»-ում ասում է. - «Հանձնաժողովների հետ կապված մի նոր դրույթի շուրջ ենք նախնական համաձայնության եկել: Կուսակցությունները պետք է հնարավորություն ունենան հանձնաժողովի՝ իրենց առաջարկած անդամներին փոխարինել: Գործող օրենսգրքով դա հնարավոր է անել միայն՝ եթե տվյալ անձն ինքն է հրաժարական տալիս»:

«Չնայած ՀՀ գլխավոր դատախազի եւ «ժողպատգամավոր» խորհրդարանական խմբի ակտիվ հերքումներին, թե իրար հետ կուսակցություն չեն ստեղծում, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, օրերս տեղի է ունեցել Աղվան Հովսեփյան - «ժողպատգամավոր» խմբի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ստեղծվելիք կուսակցության խնդիրները», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ հավելելով. - «Աղվան Հովսեփյանը, ինչպես եւ հայտարարում է ամենուր, կուսակցության մեջ չի մտնի: Նրան հատկացված է կուսակցության «պապայի» կարգավիճակը»:

Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի երեկվա ասուլիսից փոխանցելով, թե Արարքցյանը ներկայիս իշխանություններին մեղադրեց նունիսկ «ռազմական գործողություններով ձեռք բերված առավելությունները քաղաքական ձեւակերպումներով չամրագրելու մեջ»՝ «Ազգ»-ը շարունակում է. - «Ըստ երեւույթին նա մոռացել է, որ ՀՀՇ-ն իշխանավարեց մինչեւ 1998-ի փետրվարը, իսկ հրադադարը կնքվել էր 1994-ի մայիսին: Ակամա հարց է ծագում՝ այս ամենի կարեւորությունը հստակ գիտակցելով հանդերձ, ինչո՞ւ ժամանակին չամրագրեց ռազմական գործողություններում ձեռք բերված առավելությունները քաղաքական ձեւակերպումներով: Ո՞վ էր խանգարում»: «Ես այսօր էլ համարում եմ, որ կրում եմ պատասխանատվություն ամեն ինչի համար», - նույն ասուլիսից Բաբկեն Արարքցյանի խոսքերը մեջբերում է «Հայկական ժամանակ»-ը: - «Բայց դուք հասկացեք, որ մենք այսօր ապրում ենք փակ հասարակության մեջ: Ութ տարի է ես դուրս եմ եկել Ազգային ժողովից, բայց ոչ մի անգամ ոչ մի հեռուստաալիքով ելույթ ունենալու հնարավորություն չեմ ունեցել... Սա է վիճակը, մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք կորպորատիվ մի պետության մեջ, որն աշխատում է փակ բաժնետիրական ընկերության սկզբունքներով»:

Դատաիրավական համակարգի աշխատակիցների հետ զրույցներից «Գոլոս Արմենիի»-ին եզրահանգում-մատուցում է. - «Դատավորները ամենաշատը վախենում են արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից, արդարադատության նախարարության վերահսկիչներից, Արդարադատության խորհրդից, պրեզիդենտի աշխատակազմից, Ազգային ժողովից, վախենում են դատախազությունից, ազգային անվտանգության ծառայությունից... Դատավորները վախենում են գործադիր իշխանության մարմիններից: Այն գործերը, որոնք կապված են պետական կառույցների շահերի հետ, վճռվում են նրանց օգտին՝ անկախ կողմերի ներկայացրած հիմնավորումներից ու ապացույցներից: Դատավորները վախենում են հայրենի օլիգարխներին չգոհացնելուց, որոնց ձեռքերում կենտրոնացել է մեծ իշխանություն»:

«Արդեն մի քանի օր է, ինչ մի խումբ սպիտակ խալաթավորներ, ներկայանալով որպես թռչանգրիպի դեմ պայքարող անասնաբույժներ, տարբեր գյուղերում շրջելով` խարդախությամբ հափշտակում են գյուղացիների հավերը», - պատմում է «168 ժամ»-ը: - «Սպիտակ խալաթներով խարդախները հավերը պահանջելիս գյուղացիներին տվել են կտրոններ, որոնցով, իբր, նրանք կարող են բանկերից փոխհատուցում ստանալ: Բանկերի աշխատակիցները, տեսնելով այդ կտրոնները, մի լավ զվարճացել են գյուղացիների միամտության վրա: Այս ամենից հետո են միայն հավերի տերերը հասկացել, որ իրենց խաբել են: Սակայն, որքան էլ զարմանալի է, դեռեւս քրեական գործ չի հարուցվել այս դեպքերի կապակցությամբ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG