Մատչելիության հղումներ

«Ժառանգության» գրասենյակը շարունակում է փակի տակ մնալ


Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր դիմել է երկրի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին՝ իր գլխավորած կուսակցության գրասենյակի դեմ կատարված անօրեն գործողությունների մասին հաղորդագրությամբ:

Ընդդիմադիր կուսակցության հաղորդագրությունը հիշեցնում է, որ մարտի 4-ին «Ժառանգության» կենտրոնակայանի բռնի փակումը «հանգեցրել է կուսակցության գործունեության՝ Սահմանադրությամբ եւ օրենքով չնախատեսված հիմքերով փաստացի կասեցմանը»:

«Գրասենյակում են գտնվում կուսակցության պահոցը, կնիքը, բնականոն գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթային ամբողջ խարիսխը, ինչպես նաեւ անձնական ու ընտանեկան իրեր: Հետեւաբար, դիմում եմ Ձեզ` խնդրելով սույնը ընդունել որպես հանցագործության հատկանիշներ պարունակող արարքի մասին հայտարարություն, համապատասխան իրավական գնահատական տալ տեղի ունեցածին, պարզել եւ պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց»,- ասված է հաղորդագրությունում:

Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մարտի 9-ին է վերադարձել Եվրոպայից, որտեղ մասնակցում էր միջազգային համաժողովի ու մի շարք հանդիպումների, խոսել է ՀՀ վարչապետի հետ, եւ վերջինս «հանձն է առել անձնական հսկողությամբ շուտափույթ լուծում տալ գրասենյակի փակման հետ կապված անիրավությանը»:

Հովհաննիսյանը նաեւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի (որի շենքում է գտնվում փակված գրասենյակը) տնօրենին գրավոր առաջարկել է «անհապաղ վերացնել սեփական աշխատավայր մուտք գործելու իրավունքի վրա ապօրինաբար դրված արգելափակմանը` մինչեւ վարչապետի կարգադրությունը»:

«Ժառանգության» գրասենյակի փակումը եւ ավելի վաղ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ իր տիկնոջն առնչվող «ստահոդ ռեպորտաժի» հեռարձակումը Հանրային հեռուստատեսությամբ դատապարտել է Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանին: Սիլվա Կապուտիկյանը, Օհան Դուրյանը, Լենդեր Աղալովյանը, Ռաֆայել Ղազարյանը եւ այլոք՝ այսօր հրապարակված հայտարարությամբ կատարվածը «քաղաքական պատվեր» եւ «քաղաքական հետապնդման դրսեւորում են» են որակում եւ պահանջում են «անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG