Մատչելիության հղումներ

Վրաստանի օմբուդսմենը հայտարարում է, թե Ծալկայի միջադեպը կենցաղային բնույթի էր


Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարին կտրականապես հերքել է, թե մարտի 9-ին Ջավախքի Ծալկա շրջկենտրոնում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում սպանվել էր 23-ամյա Գեւորգ Գեւորգյանը, ազգամիջյան բախում էր:

«Հաղորդագրություններ են տարածվում, թե կատարվածը ազգամիջյան հիմքեր ուներ: Սակայն, մեր ներկայացուցիչները (Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի) այնտեղ էին եւ պարզ դարձավ, որ ծեծկռտուքը զուտ կենցաղային բնույթի էր: Իրավապահները պետք է շտապ քննեն այդ գործը եւ պատժեն մեղավորներին», - ըստ civil.ge ինտերնետային էջի, շաբաթ օրը հայտարարել է Սոզար Սուբարին:

Նույն օրը կայացած ասուլիսում Ծալկայում միջադեպը խստորեն քննադատել են «Բազմազգ Վրաստան» կազմակերպության եւ վիրահայերի «Նոր սերունդ» միության ներկայացուցիչները: «Մեր գնահատականով, դա հերթական ագրեսիվ գործողությունն էր, որն ուղղված էր տարածաշրջանում իրավիճակի ապակայունուցմանը: Ցավոք, քրեական գործողությունները Ջավախքում գնալով ստանում են ազգամիջյան դիմակայության բնույթ», - նշել է «Բազմազգ Վրաստան»-ի գործադիր տնօրեն Ագիթ Միրզոեւը:

Իսկ Վրաստանի հայկական ազգային հասարակական միության նախագահ Լյուդվիգ Պետրոսյանը «Ռեգնում»-ին հայտնել է, որ Ծալկայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ երկուշաբթի Ախալքալակում անցնում է խորհրդակցություն՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Գեորգի Խաչիձեի եւ Ջավախքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մարտի 9-ի երեկոյան Ջավախքի Ծալկա շրջկենտրոնում դանակի հարվածներով սպանվել է հայկական Ղուշչի գյուղի 23-ամյա մի երիտասարդ՝ Գեւորգ Գեւորգյանը: Եվս երկու հայ երիտասարդներ՝ Սահակյանն ու Բալոյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի կապակցությամբ շրջանի ոստիկանություն քրեական գործ է հարուցվել: Շրջկենտրոնից դեպի շրջանի հայկական գյուղերը ճանապարհները փակվել են հատուկ նշանակության ջոկատների կողմից։ Սպանության կապակցությամբ շրջանի ոստիկանությունը ձերբակալել է 5 կասկածյալների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG