Մատչելիության հղումներ

«Հայռուսգազարդ»-ում հույս ունեն, թե սակագնի բարձրացումով չեն կորցնի սպառողներին


«Հայռուսգազարդ» ընկերությունը հույս ունի, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստի որոշմամբ գազի սակագների թանկացումը չի հանգեցնի իրենց սպառողների քանակի նվազեցմանը:

«Սպառողին, իհարկե, չենք կորցնի, որովհետեւ, եթե դուք վերլուծեք շուկայում առկա էներգակիրների գները, կտրուկ տարբերություն կա: Նոր սակագնով անգամ գազի գինը նույնպես մոտ երկու անգամ կլինի էժան էլեկտրաէներգիայի գնից՝ հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիան էլ (սակագինը) որոշակի աճ կունենա», - հանձնաժողովի նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հայռուսգազարդ»-ի փոխտնօրեն Աշոտ Հովսեփյանը:

Հանձնաժողովում այսօր մոտ երկու ժամ տեւած նիստը անցավ խիստ լարված մթնոլորտում։ Դրան նպաստում էին սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերությունների ղեկավարների եւ բնագավառի փորձագետների, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Մանուկ Գասպարյանի հարցերն ու դիտարկումները։

Գասպարյանը, օրինակ, պահանջում էր գազն ավելի էժան չվաճառել, ասենք, ցեմենտ կամ գարեջուր արտադրող օլիգարխին, ու ավելի թանկ՝ աղքատության նպաստ ստացող ընտանիքներին։

«Հայռուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանն էլ փորձում էր համոզել, թե իրենք արտադրողներին գազն ավելի էժան են վաճառում, որպեսզի նրանք կարողանան մրցունակ ապրանք արտադրել, արտահանել ու բյուջե վճարած հարկերի հաշվին փոխհատուցել անապահով ընտանիքներին։

Քննարկմանը մասնակցող փորձագետներն էլ պնդում էին, թե անմիաստ ու տարօրինակ է արտադրողներին գազի սակագնի զեղչեր տրամադրել՝ ի հաշիվ բնակչության ավելի աղքատ շերտերի։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG