Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Խուճապի պատճառ չկա» վերնագրի ներքո ՀՅԴ պաշտոնաթերթ «Երկիր»-ը նշում է.- «Ամենաանտանելին նրանք են, ովքեր առիթով ու անառիթ փորձում են Պապից ավելի կաթոլիկ, Սորոսից ավելի ժողովրդավար, Դաշնակցությունից ավելի դաշնակցական, Ռոբերտ Քոչարյանից ավելի ղարաբաղցի, բոլորից ավելի կառուցողական երեւալ: Դրա արդյունքում, որպես կանոն, երեւում են ինչպես կան իրականում: Տվյալ պարագայում՝ պանիկյոր»:

«Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը պատերազմ չեն ուզում», - համոզված է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Երբ ընդդիմությունն ասում է, որ երկու երկրների նախագահներն իրենց աթոռների համար պատրաստ են զոհաբերել սեփական քաղաքացիներին, դա ինձ կասկածելի է թվում. ա) աթոռներն, իհարկե, քաղցր բան են, բայց ոչ այդքան, բ) պատերազմի դեպքում մեծանում է աթոռը կորցնելու վտանգը»: «Քոչարյանն ու Ալիեւը «ընդամենը» թույլատրում են հարեւանի նկատմամբ թշնամանքի եւ ատելության քարոզչությունը, եւ դա անում են ոչ թե պատերազմ սկսելու, այլ ներկայիս «ստատուս քվոն» պահպանելու համար», - շարունակում է Արամ Աբրահամյանը: - «Պարզապես մեր եւ հարեւան երկրների նախագահները չեն գիտակցում, որ նման ձեւով «ստատուս քվոն» պահպանելն ի վերջո կբերի պատերազմի: Եթե ոչ իրենց օրոք, ապա՝ 10, 20 տարի հետո: Ահա այդ հեռատեսության պակասի մեջ թերեւս կարելի է մեղադրել թե՛ այս երկու, թե՛ տարածաշրջանի այլ պետությունների ղեկավարներին»:

«Հայկական զինված ուժերը պատրաստ են հակառակորդի յուրաքանչյուր ոտնձգություն ճնշելու: Պատերազմի վտանգի մասին խոսելն անլուրջ բան կլինի», - «Ազգ»-ի փոխանցմամբ, ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: - «Մեր զինծառայողները ձնհալի հետ կապված սկսել են ինժեներական աշխատանքներ իրականացնել, կատարելագործել խրամատները, խրամուղիները: Միգուցե հակառակորդի կողմից այդ կրակոցները նպատակ ունեն խանգարելու մեր ինժեներական աշխատանքները... Վերջին շրջանում ինժեներական կառույցների շինարարության ընթացքում առաջնագիծը բավականին մոտեցել է՝ այնպիսի հեռավորության վրա գտնվելով, որ կարելի է խոցել յուրաքանչյուր թիրախ»:

Նույն թերթի հարցազրույցում Բաքվի «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Մայիս Գյուլալիեւը ասում է. - «Հայաստանն ու Ադրբեջանը փոքր երկրներ են, որ ինքնուրույն լուծեն հարցը: Իսկ Արեւմուտքին ո’չ պատերազմ է պետք այս պահին, ո’չ էլ պրոբլեմի լուծում»: Ըստ նրա, ղարաբաղյան հիմնախնդիրը «չի լուծվի մինչեւ ադրբեջանական նավթի վերջանալը»:

«Ո՞րն է պատճառը, որ ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գործերով տեղակալ Մեթյու Բրայզան 2005-ի դեկտեմբերին խուսափում էր դատողություններ անել Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման վերաբերյալ, իսկ օրերս Հայաստանը հստակ անվանեց «ժողովրդավարացող երկիր»: «Առավոտ»-ի այս հարցադրմանն ի պատասխան՝ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը պատասխանել է. - «Նման հանդուրժողական վերաբերմունքը, որը դրսեւորվում է 2003 թվականից, մեր կարծիքով, պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Նրանք ակնկալում են ու դեռ չեն կորցրել հույսը, թե այդ խնդիրը կլուծվի այս իշխանության միջոցով»:

«Հասարակության մեջ այն կարծիքն է տիրապետում, որ քաղաքակիրթ ճանապարհով, ընտրությունների միջոցով մեր երկրում հնարավոր չէ որեւէ փոփոխություն: Այդ տրամադրությունները հասկանալի են, որովհետեւ շարունակաբար կեղծվել են ընտրությունները, ամենախայտառակ ձեւով կեղծվեց սահմանադրական հանրաքվեն: Սա է խնդիրը», - մատնանաշում է «Արդարություն» խմբակցության ղեկավարը:

«Վստահաբար ասում եմ, որ համապատասխան իրավիճակում ընդդիմադիր դաշտը դեմոկրատական հեղափոխության գնալու է միասնական, քանզի միայն հեղափոխական ճանապարհով է հնարավոր լուծել թե’ Հայաստանի, թե’ Ղարաբաղի խնդիրները», - «Հայկական ժամանակ»-ում հայտարարում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա հայացքով, աշխարհն էլ է այսօր հասկանում, որ «Հայաստանում քաղաքական ճգնաժամ է եւ որ այս իշխանությունները, խոսելով ժողովրդավարությունից եւ էվոլյուցիայից, իրականում կոնտրէվոլյուցիա են իրականցանում»: «Պայթյունավտանգ» գհահատելով Հայաստանի իրավիճակը՝ Արամ Սարգսյանը բխեցնում է. - «Նման իրավիճակում Քոչարյանի առաջարկած ցանկացած լուծում չի համընկնում անգամ ո’չ ՀՀԿ-ի, ո’չ ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի եւ նույնիսկ Սերժ Սարգսյանի շահերին, որովհետեւ նրանք չեն ուզում Քոչարյանի հետ հեռանալ՝ լինի դա ճնշումներով, թե առանց ճնշումների»:

«Գարունն էլ եկավ, բայց քաղաքական «թեժ գարնան» մասին կանխատեսումները համառորեն բացակայում են», - փաստում է «Չորրորդ իշխանություն»-ը: Թերթի դիտարկմամբ, ընդդիմության պասիվությունն ինչ-որ տեղ հասկանալի է. - «Հայաստանն արտաքին քաղաքական ծանր կացության մեջ է հայտնվել: Այնքան ծանր, որ այս պահին ընդդիմությունը հազիվ թե ցանկանա գալ իշխանության... Իշխանական հին ու նոր ուժերը նույնպես առայժմ «պաուզա» են վերցրել եւ չեն խոսում 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին, որովհետեւ նախ հայտնի չէ, թե կլինե՞ն արդյոք նման ընտրություններ եւ երկրորդ` հայտնի չէ, թե այդ ժամանակ Քոչարյանի թիմակից լինելը կըկալվի որպես առավելությո՞ւն, թե՞ կոմպրոմատ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG