Մատչելիության հղումներ

Սպանություն Ծալկայում


Հինգշաբթի երեկոյան Ջավախքի Ծալկա շրջկենտրոնում դանակի հարվածներով սպանվել է հայկական Ղուշչի գյուղի 23-ամյա մի երիտասարդ՝ Գեւորգ Գեւորգյանը: Եվս երկու հայ երիտասարդներ՝ Սահակյանն ու Բալոյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«Ա-Ինֆո» գործակալությունը փոխանցում է միջադեպի ականատեսի վկայությունը, թե հարձակվողները եղել են մոտ 15 հոգի: Տուժվածներին հայտնի չի հարձակման պատճառը, բայց իրենց կարծիքով, նրանք եկվոր աջարներ կամ սվաններ են։

Դեպքի կապակցությամբ շրջանի ոստիկանություն քրեական գործ է հարուցվել: Շրջկենտրոնից դեպի շրջանի հայկական գյուղերը ճանապարհները փակվել են հատուկ նշանակության ջոկատների կողմից։

Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ սպանության կապակցությամբ շրջանի ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալների:
Միաժամանակ ոստիկանության դիմաց ի նշան բողոքի հավաքվել են մոտ 300 ծալկահայեր: Զայրացած ամբոխը կոտրել է ոստիկանության շենքի ապակիները: Ի պատասխան Թբիլիսիից շտապ կարգով այստեղ տեղափոխված ՆԳՆ հատուկ նշանակության վաշտը ավտոմատներով եւ ռետինե մահակներով ծեծի է ենթարկել հայ ցուցարարներին:

«Ա-Ինֆո»-ն փոխանցում է նաեւ, որ Ծալկայի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հայկ Մելտոնյանի հավաստմամբ, ժամը 12-ի դրությամբ ծեծի է ենթարկվել մոտ 100 ցուցարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG