Մատչելիության հղումներ

ՄքՔորմաք. «Կարծում եմ Էվանսը դեռ ծառայում է իբրեւ դեսպան Հայաստանում»


Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄքՔորմաքը երեկ ասել է, թե տեղյակ չէ, որ Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպան Ջոն Էվանսը հետ է կանչվել Երեւանից. - «Տեղյակ չեմ, որ մենք որեւէ մեկին հետ ենք կանչել: Կարծում եմ, որ նա դեռեւս ծառայում է իբրեւ դեսպան Հայաստանում»:

Այս ամիս մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ, հաղորդել էին, թե պետդեպարտամենտը մտադիր է հետ կանչել Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպան Ջոն Էվանսին, որն անցած տարվա փետրվարին հայտարարել էր, թե ցեղասպանություն է համարում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում կատարվածը:

Միաժամանակ, երեկ ամերիկյան Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով խորհրդական Դենիել Ֆրիդին Էվանսի ճակատագրի մասին հարց է ուղղել Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն:

Նա փորձել է բարձրաստիճան դիվանագետից պարզել, թե արդյո՞ք ճիշտ է, որ Էվանսը հետ է կանչվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, եւ եթե դա այդպես չէ, ինչո՞ւ է դեսպանի ծառայության ժամկետը Հայաստանում կարճվում (նրա նախորդներն ավելի երկար են աշխատել Հայաստանում): Կոնգրեսականը հարցրել է, թե արդյո՞ք պետդեպարտամենտի աշխատակիցներին պաշտոնապես արգելվում է 1,5 միլիոն հայերի կոտորածը ցեղասպանություն որակել:

Կոնգրեսական Նապոլիտանոն Դենիել Ֆրիդին հարցում է ուղղել նաեւ հայ֊-թուրքական սահմանի բացման հնարավորության եւ Կարս ֊- Ախալքալակ -֊ Բաքու երկաթուղու կառուցման նպատակահարմարության վերաբերյալ:

Ենթադրվում է, որ Էվանսի մասին հարցին կպատասխանի ոչ միայն Դենիել Ֆրիդը, այլեւ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, որին նույն հարցերն են հասցեագրվել անցած ամիս Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG