Մատչելիության հղումներ

«System Of A Down» խումբը պատրաստվում է նոր համերգի


Խումբը ոգեկոչման այդ շոուն անվանել է «Souls»՝ «Հոգիներ»: Դա կլինի SOAD-ի թվով 4-րդ այդպիսի համերգը, որի նպատակն է ոչ միայն հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, այլեւ ռոքի սիրահարներին, հազարավոր երիտասարդ ամերիկացիների հիշեցնել, որ 1915 թվականին կատարվել է հրեշավոր հանցագործություն մի ողջ ազգի նկատմամբ:

Խմբի կայքէջում զետեղված է երգիչ Սերժ Թանքյանի հատուկ ուղերձը, որում ասվում է, որ հարկ է վերջ տալ Հայոց ցեղասպանությունը մերժելու քաղաքականությանը՝ դրանով մարդիկ կկանխեն նոր ցեղասպանությունները: «Մեր նպատակն է հրավիրել մարդկանց ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը եւ Սպիտակ տունը հրաժարվում են ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն այն ժամանակ, երբ փորձ է արվում վերջ տալ 21-րդ դարում Սուդանի Դարֆուրի շրջանում իրագործվող ցեղասպանությանը»:

Սերժ Թանքյանը հարց է տալիս. «Ինչո՞ւ ԱՄՆ-ը չի ճանաչում 1,5 միլիոն անմեղ հայերի ցեղասպանությունը, որը ճանաչել են Ֆրանսիան, Շվեյցարիան, Եվրոպական միության կառույցները»: Նրա համոզմամբ, «ցեղասպանության մերժումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության վերջին փուլը, որովհետեւ այդպես փորձ է արվում խեղաթյուրել պատմությունը, չարագործ ներկայացնել զոհին եւ արդարացնել իրական հանցագործին»:

Սերժ Թանքյանի ուղերձում նաեւ ասվում է, որ «Թուրքիայի Հանրապետությունը չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ փորձումում է խույս տալ պատասխանատվությունից, մինչդեռ, ցեղասպանությունը չճանաչելու ԱՄՆ-ի դիրքորոշման հիմքում ռազմավարական եւ ֆինանսական շահեր են Թուրքիայում եւ Մերձավոր Արեւլքում»:

Աշխարհն առանց ցեղասպանությունների՝ այդ վեհ նպատակին հասնելու համար, SOAD-ի երաժիշտների համոզմամբ, հարկ է պատժել ոչ միայն հանցագործներին՝ նրանց, ովքեր գործել են ցեղասպանությունը, այլեւ նրանց, ովքեր մերժում են պատմական իրողությունը:

«Սոուլզ» համերգը տեղի կունենա Լոս Անջելեսի «Գրիք» համերգասրահում ապրիլի 23-ին:

Բիձա Ռոքեր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG