Մատչելիության հղումներ

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը մնում է ցածր»


Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ներկայացրեց 2005 թվականին աշխարհի 196 երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող ամենամյա զեկույցը:

«Հայաստանում 2005 թվականի նոյեմբերի 27-ին կայացած հանրաքվեի արդյունքում հաստատվեցին մի շարք սահմանադրական փոփոխություններ: Թեեւ հանրաքվեն անցավ լուրջ խախտումներով, բուն փոփոխությունները մեկ քայլ առաջ են ժողովրդավարական համակարգի հաստատման, նախագահի իշխանության վերահսկողության եւ ավելի անկախ արդարադատություն ունենալու ուղղությամբ», - փաստում է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը:

Զեկույցի հեղինակները նշում են, որ ուղղակի ընտրված նախագահն ունի լայն գործադիր լիազորություններ, որոնք համեմատաբար անվերահսկելի են խորհրդարանի կամ դատական իշխանությունների կողմից: Մասնավորապես, նախագահն է նշանակում վարչապետին, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասին, ինչպես նաեւ բոլոր դատավորներին:

«Թեեւ առանձին ոլորտներում նկատվել է որոշ բարելավում, Հայաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը վերստին մնում է ցածր եւ գոյություն ունեն լուրջ խնդիրներ», - ասված է պետքարտուղարության զեկույցում:

Հայաստանում արձանագրված խախտումների թվում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը նշում է իշխանություններին փոխելու քաղաքացիների իրավունքի սահմանափակված լինելը, չբացահայտված պայմաններում մահացության դեպքերը բանակում, ուժային կառույցների կողմից քաղաքացիներին ծեծի ենթարկելու եւ առանց դատարանի վճռի կալանելու դեպքերը, ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցների անպատժելիությունը, կամայական ձերբակալությունները, կալանավայրերի վատ եւ առողջապահության նորմերին չհամապատասխանող պայմանները:

«Միջազգային լրատվամիջոցները, ընդհանուր առմամբ, ազատորեն հեռարձակվում են Հայաստանում: Այնուամենայնիվ, «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումները սահմանադրական հանրաքվեի օրվանից սկսած՝ երեք օր շարունակ պարբերաբար անլսելի են եղել: Հայաստանի հանրային ռադիոն հայտարարել է, որ խափանումները տեխնիկական բնույթի էին: Սակայն, որոշ դիտորդներ կարծիք են հայտնել, որ խափանումները քաղաքական դրդապատճառներ ունեին», - նշում են զեկույցի հեղինակները:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG