Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. - «Հեղափոխության արտահանումը չի աշխատում»


«Հեղափոխության արտահանումը չի աշխատում: Դա պետք է լինի անցումային էվոլուցիոն գործընթաց», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Տոկիոյում հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Մենք պետք է աշխատենք, սակայն՝ հիմնվելով հասարակական իրողությունների վրա: Ժողովրդավարությունն արտահանելու փորձերը միայն առաջացնում են սոցիալական եւ քաղաքական խնդիրներ ու խոխտում են կայունությունը», - ասել է Իլհամ Ալիեւը:

Նա նաեւ նշել է, որ վերջին տասնամյակում Ադրբեջանի տնտեսական աճը կազմել է տարեկան միջինը 10 տոկոս, իսկ 2005 թվականին, որը դարձավ «առանձնահատուկ տարի», գրանցվել է տնտեսության 26 տոկոսի աճ:

«Հուսով ենք, որ այս տարի զարգացման տեմպը առնվազն կպահպանվի: 2005 թվականին Ադրբեջանի արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 33 տոկոս, ինչը նույնպես համաշխարհային ռեկորդ է», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել է, որ բավարարարված է Ադրբեջանի եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունների մակարդակով՝ հիշեցնելով, որ Ճապոնիան Ադրբեջանին տրամադրել է շուրջ 700 միլիոն դոլարի վարկ եւ հատկացրել 70 միլիոն դոլարի անհատույց օգնություն:

Երեքշաբթի օրը եռօրյա պաշտոնական այցով Տոկիո ժամանած Իլհամ Ալիեւը չորեքշաբթի հանդիպել է Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի հետ: Վաղը ծրագրված են նրա հանդիպումները Ճապոնիայի վարչապետ Ձյունիտիրո Կոիձումիի եւ արտաքին գործերի նախարար Տարո Ասոյի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG