Մատչելիության հղումներ

«Էկոնոմիստ»-ը՝ Ադրբեջանի մասին


Բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ» հանդեսի վերլուծաբանները համոզված են, որ առաջիկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կշարունակի ամրապնդել իր դիրքերը պետական կառավարման համակարգում՝ աստիճանաբար ազդեցիկ իշխանական լծակներից զրկելով իր հոր թիմակիցներին:

Փոխարենը, ըստ «Էկոնոմիստ»-ի, առանցքային պաշտոններում Ալիեւը կնշանակի անձամբ իրեն հավատարիմ գործիչների:

«Ոչ մեծ ռիսկ գոյություն ունի, որ նախագահ Ալիեւի՝ քաղաքական դաշտը վերաձեւելու փորձերը կստիպեն իշխող վերնախավի որոշ անդամների ընդվզել», - կանխատեսում են «Էկոնոմիստի» փորձագետները:

Բրիտանական հանդեսը չի սահմանափակվում զուտ քաղաքական իրավիճակի վերլուծությամբ: Lոնդոնյան պարբերականի տնտեսական կանխատեսումները Ադրբեջանի իշխող վերնախավի համար բավական լավատեսական են: Համախառն ներքին արդյունքի աճը, ըստ «Էկոնոմիստ»-ի, 2006-ին կկազմի 28 տոկոս: Նման աճի գլխավոր բաղադրիչներից մեկը համարվում է ադրբեջանական գազի արդյունահանման սկիզբը: Բացի այդ, փորձագետները պնդում են, թե առաջիկայում Ադրբեջանում կնկատվի ներդրումների աճ:

Անդրադառնալով վերջին դիվանագիտական զարգացումներին, «Էկոնոմիստ»-ի վերլուծական խումբը բավական հոռետեսորեն է գնահատում Ղարաբաղյան կարգավորման գործընթացը տեսանելի ապագայում: «Իլհամ Ալիեւն ու նրա հայաստանցի պաշտոնակից Ռոբերտ Քոչարյանը չկարողացան համաձայնության գալ փետրվարին կեսերին կայացած բանակցությունների ընթացքում: 2006-2007 թվականներին հարցի լուծման հավանակությունը նվազել է, քանի որ 2007-ին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, ինչն էլ, իր հերթին, կդժվարացնի իշխանությունների՝ ղարաբաղյան հարցի փոխզիջումային լուծման անհրաժեշտությունը հիմնավորելու գործը», - պնդում են բրիտանական «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG