Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Բանակցությունները լուրջ առաջընթացի չհանգեցրին, բայց դա չի նշանակում, թե դրանք ձախողվեցին»


ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան երեքշաբթի օրը Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանատանը հրավիրված ասուլիսում ասաց, որ չի համարում, որ Ռամբույեում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունները ձախողվել են: Նա նաեւ համաձայն չէ այն մարդկանց հետ, ովքեր կարծում են, թե «գործընթացը կանգնել է, եւ Մինսկի խումբը սպառել է իրեն»:

«Բանակցությունները լուրջ առաջընթացի չհանգեցրին, հարցը չլուծեցին, բայց դա չի նշանակում, որ դրանք ձախողվեցին», - ասաց Բրայզան՝ ավելացնելով, որ շատ քայլերի շուրջ կան «լուրջ համաձայնություններ», բայց «վերջին քայլերն են, որ ամենադժվարն են». - «Պահանջվում է, որ կողմերը բարդ որոշում կայացնեն»:

Նա հավաստիացրեց, որ ԱՄՆ-ը կանի ամեն բան, որ կողմերը համաձայնության գան «հնարավորինս շուտ»:

Խոսելով իր հայաստանյան այցի հիմնական նպատակների մասին՝ Մեթյու Բրայզան ասաց, որ ուզում է ամեն ինչ անել՝ ամրապնդելու համար «առանց այդ էլ ամուր կապերը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ»: Քանի որ Բրայզան էներգետիկայի ոլորտի մասնագետ է, ասաց, որ Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումներում քննարկել է հիմնականում էներգետիկ անվտանգության խնդիրներ:

Խոսվեց նաեւ ժողովրդավարությունը խորացնելու խնդիրների մասին, ժողովրդավարացման գործընթացների մասին:

Նրա խոսքերով, Հայաստանի հետ աշխատում են Եվրատլանտյան ընտանիքի հետ կապերը ամրապնդելու ուղղությամբ, եւ Բրայզան մի քանի անգամ գոհունակությամբ նշեց Հայաստանի առաջընթացը այս ուղղությամբ՝ հատկապես վերջին տարվա ընթացքում (նկատի ունենալով ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը):

Ամերիկացի դիվանագետը այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իր հանդիպումը Մեթյու Բրայզան բնութագրեց որպես «շատ կառուցողական»: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում են եղել անվտանգության խնդիրները եւ ռազմական համագործակցությանը առնչվող հարցեր:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը քննարկված հարցերը ընդգրկել են էներգետիկ եւ անվտանգության ոլորտի խնդիրներ:

Պատասխանելով Իրան - Հայաստան գազատարին վերաբերող հարցին, Բրայզան ասաց, որ դիվերսիֆիկացիան էներգետիկայի ոլորտում «շատ լուրջ եւ կարեւոր է» Հայաստանի համար: Այդուհանդերձ, ամերիկացի դիվանագետը հիշատակեց Իրանի խնդիրները միջազգային հանրության հետ՝ միջուկային ծրագրերի առնչությամբ: Ու թեեւ ասաց, որ դա դեպի Հայաստան գազատարի հետ որեւէ ուղղակի առնչություն չունի, այդուհանդերձ՝ ԱՄՆ-ը եւ միջազգային հանրությունը չի խրախուսի, որ Իրանը «շատ հզորանա»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG