Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխանցմամբ, պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցերին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասել է. - «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններից շանտաժի հոտ է գալիս, եւ եթե իրականում նրանք իրենց առջեւ նպատակ են դրել հարցը լուծել ռազմական ճանապարհով, ապա ինչո՞ւ են այդ մասին հայտարարում ի լուր աշխարհի: Ի՞նչ է նրանք ցանկանում են դրանով մեզ զգուշացնել, որ մենք ավելի լա՞վ պատրաստվենք պատերազմի, թե՞ միջազգային հանրությանն են նախազգուշացնում: Դա ինձ համար այնքան էլ հասկանալի չէ: Մենք պատերազմից չենք վախենում, սակայն չենք էլ ցանկանում, որ պատերազմ լինի»:

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ընդգծելով, թե բոլոր այն դեպքերում, երբ ազգերի ինքնորոշման սկզբունքը կիրառվել եւ բերել է որոշակի արդյունքի, եղել է միայն միջազգային հանրության հետեւողական ճնշման շնորհիվ, Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հուշում է. - «Եթե Ադրբեջանը շարունակում է տապալել բանակցությունները, միջազգային հանրությունը ունի հնարավորություն սկսել Լեռնային Ղարաբաղի անկախության գործընթացը առանց ադրբեջանական կողմի մասնակցության: Որովհետեւ այն սահմանները, ուր պիտի իրականացվի հանրաքվեն, Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ են եւ միջազգային հանրությունը կարող է Լեռնային Ղարաբաղին առաջարկել դրա իրականացումը` ուրվագծելով նաեւ հնարավոր փոխզիջումների շրջանակը»:

«Ազգ»-ի մատուցմամբ, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, ղարաբաղյան թեմայի վերջին սրացումը «առիթ եւ փորձ է վերջին ամիսներին համարյա չգործող Մինսկի խմբի գործընթացը առավել արդյունավետ դարձնելու, մի փոքր ակտիվացնելու ճնշումը՝ որպես սակարկելու նախապայման». - «Եվ ոչ ավելին: Ռամբույեում ոչինչ չի կատարվել, բայց պարզ դարձավ, որ բանակցությունների դասական տարբերակով այլեւս ոչինչ չի կատարվի»: «Բայց ռեալ սպառազինությունների մրցավազք Ալեքսանդր Իսկանդարյանը չի տեսնում», - գրում է «Ազգ»-ը:

«Առավոտ»-ի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որը գլխավոր դատախազությունից ուղարկվել է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ (ԿԳԲ-ի մեկուսարան): Թերթում ներկայացված է. - «Դատախազության պաշտոնյան ԱԱԾ-ից խնդրում է տրամադրել վերծանությունը գաղտնալսումների, որոնք կատարվել են հիշյալ մեկուսարանում` կալանավորի եւ նրա պաշտպանի հանդիպման ժամանակ, որպեսզի այդ գաղտնալսումների միջոցով ապացույցներ ձեռք բերվեն»: «Ասում են, դրանից հետո ծառայողական քննություն է սկսվել, թե որտեղից է այդ գրությունը հայտնվել «դրսում»», - փոխանցում է թերթը՝ շեշտադրելով. - «Այսինքն կարեւոր չէ, որ կալանավորի եւ նրա պաշտպանի խոսակցությունը գաղտնալսելը հակասահմանադրական է, կարեւոր չէ, որ անօրինական է այդ խոսակցությունն օգտագործել ապացույցներ ձեռք բերելու համար: Պարզվում է` ամենաէական հարցն է, թե որտեղից է այդ հանցավոր գործողությունների մասին արտահոսքը: Այդպիսին է մեր պաշտոնյաների բնավորությունը. նրանք երբեք նույնիսկ թեթեւակի չեն կարմրում իրենց արածների համար: Միակ հարցը, որ նրանց հուզում է՝ «էդ ո՞վ է իմ վրա գործ տվել»»:

Կիրակի օրը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա անվան ռազմական ինստիտուտի փոխտնօրեն Վոլոդյա Հովհաննիսյանը, ըստ «Իրավունք»-ի, իր ելույթում ասել է. - «Վազգեն Սարգսյանը ցանկանում էր պետություն կերտել, կռվել հայրենիքի համար եւ ոչ թե փափկասուն «արմենչիկների»»:

«Էլի սկսել են փակել ընդդիմության գրասենյակները. ուրեմն մի բան կա», - հայտարարում է «Չորրորդ իշխանությունը»-ը: «168 ժամ»-ի հայացքով, «Ժառանգություն» կուսակցության դեմ հալածանքները սկսվել են նախորդ տարի տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո. - «Այդ ամենի պատճառը, թերեւս, հանրաքվեից առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի աննախադեպ ակտիվացումն էր, երբ վերջինս հանրաքվեից երկու օր առաջ Ազատության հրապարակում նախաձեռնեց եւ անցկացրեց քաղաքացիական ժողով եւ երկու օր անընդմեջ ՀՀ պետական դրոշի ներքո, ի նշան բողոքի կանգնած մնաց հրապարակում»:

«Առավոտ»-ում մեջբերված է Հայաստանի կոմկուսի օրերս տարածած հայտարարությունը. - «Փետրվարի 23-ին Գորիս քաղաքում տեղի իշխանության ներկայացուցիչների մի հրոսակախումբ կոտրել է կոմկուսի գրասենյակի դուռը, ամբողջ գույքը շպրտել է դուրս, որի մի մասը վնասվել է»: «Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում իշխանություններն ու նրանց սպասարկող քարոզամիջոցները եթե ոչ համակարգված, ապա տարերային ու նոր քարոզչական արշավ են սկսել ընդդիմադիր կուսակցությունների եւ նրանց ղեկավարների դեմ», - ընդհանրացնում է թերթը:


«Առավոտ»-ի տեղեկություններով, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը եւ ՀՀ տնտեսական դատարանի նախագահ Էդուարդ Մուրադյանն այս օրերին գտնվում են Բրազիլիայում եւ մասնակցում են ավանդական կառնավալին: «Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ դատարանների երկու նախագահներն էլ կառնավալում հանդես են գալիս Դավիթ Հարությունյանի դիմակներով», - հեգնում է «Առավոտ»-ը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG