Մատչելիության հղումներ

Ադրբեջանի այն վայրերում, որտեղ հայտնաբերվել է թռչնագրիպի H5N1 վիրուսը, ոչնչացվել է ավելի քան մեկ միլիոն հավ: Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբբասովը երեքշաբթի օրը հայտարարել է, թե ձեռնարկվում են վիրուսի տարածումը կանխելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները:

Երկրի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը այսօր հայտարարել է, որ մարտի 3-ին թոքաբորբի սուր ախտանշաններով հիվանդանոցում մահացած Սալյանի շրջանի Դայքենդ գյուղի բնակիչ, 10-ամյա Նաբաթ Ասքերովայի մոտ թռչնագրիպի ախտանշաններ չեն հայտնաբերվել:

«Ռեգնում»-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ ասվում է, որ չնայած դրան, մահացած աղջկանից վերցված նմուշները լրացուցիչ փորձաքննության համար ուղարկվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագիտացված լաբորատորիաներից մեկը: Հաղորդվում է նաեւ, որ նույն ախտանշաններով հիվանդանոցում են գտնվում նույն գյուղի եւս 8 բնակիչներ, որոնցից 4-ը՝ մահացած աղջկա ընտանիքի անդամներ են:

Մինչ այդ հաղորդվել էր, որ Ադրբեջանում մի ընտանիքում մահացել էին երկու անչափահաս երեխա, որոնց մոտ բժիշկները թռչնագրիպ են կասկածում:

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբբասովը երեքշաբթի կայացած ասուլիսում հայտնել է, որ շրջաններում, որտեղ հայտնաբերվել է թռչնագրիպի մահացու H5N1 վիրուսը, ոչնչացվել է ավելի քան 1 միլիոն հավ:

Անցած շաբաթավերջին Ադրբեջանի թռչնագրիպի դեմ պայքարի պետական կոմիտեն հայտարարել է, թե թռչունների մոտ թռչնագրիպի վարակի նոր դեպքեր են գրանցվել Բիլյասուվարի տոհմական թռչնաբուծարանում եւ Ֆիզուլիի շրջանի Բեյուկ Բահմանլի գյուղում: Փետրվարի 27-ին հավերի զանգվածային անկում էր արձանագրվել Ադրբեջանի Գիլյազի շրջանի թռչնաֆաբրիկայում: Սատկած հավերի մոտ, ըստ Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբասովի, հայտնաբերվել է թռչնագրիպի մահացու H5N1 վիրուսը:

Իսկ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին, ըստ ԱՊԱ գործակալության, նշել է, որ Թուրքիան դժգոհ է Ադրբեջանի կողմից թուրքական թռչնի մսի ներմուծման արգելքից: Դեսպանը շեշտել է, որ այժմ թռչնագրիպ կա նաեւ Ադրբեջանում, ուստի, մտցված արգելքը սխալ քայլ է: «Այդ վիրուսը հանգեցրել է Թուրքիայի թռչնաբուծական եւ թռչնի մսի արդյունաբերությունների սնանկացմանը: Երկրները պետք է միասին պայքարեն այդ չարիքի դեմ», - ասել է Թուրան Մորալին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG