Մատչելիության հղումներ

Բրիտանական եզակի պարային խմբի անդամները դասընթացներ են անցկացնում Երեւանում


Ժամանակակից պարի այս եզակի խումբը հիմնադրվել է 1991-ին Սելեստ Դանդեկերի եւ Ադամ Բենջամինի կողմից: Սելեստը Լոնդոնի ժամանակակից թատրոնի խմբի պարուհի էր, բայց վթարի հետեւանքով դարձել էր հաշմանդամ: Անվասայլակը նրան չխանգարեց պարել, եւ 10 տարի անց հանդիպելով Ադամ Բենջամինին, նրանք միասին սկիզբ դրեցին «Քենդուկո»-ին եւ այս 15 տարիների ընթացքում խումբը փորձել է ընդլայնել պարի եւ պարող մարմնի մասին ընդունված պատկերացումը, եւ առհասարակ կոտրել պարող մարմնի կարծրատիպը:

Հինգ օր շարունակ «Քենդուկո»-ի անդամներ Բետտինա Կապրին եւ Սթայն Նիլսենը պարային դասընթացներ կտան Երեւանի թատերական ինստիտուտում: Այսօր դասընթացների երկրորդ օրն է. մասնակցում են ե’ւ հաշմանդամ երիտասարդներ, ե’ւ թատերականի ուսանողները, ե’ւ պարզապես հետաքրքրվողներ: Այստեղ կարեւորը շփումն ու ստեղծագործելն է պարի լեզվով:

«Մենք այստեղ ենք , որ պարի ու շարժման միջոցով մարդկանց շփման, հաղորդակցման ու իրենց ստեղծագործական ներուժը բացահայտելու եւ այլ մարդկանց հետ այն համադրելու ինչ-որ հնարավորություն տանք», - ասում է Սթայն Նիլսենը:

«Քենդուկո»-ի նպատակն է Հայաստանում նույնպես ստեղծել մի նոր պարային խումբ, որտեղ հաշմանդամները կներկայացնեն պարային համարներ` պրոֆեսիոնալ պարողների հետ միասին: Հոկտեմբերին «Հայֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում բրիտանական խումբը Երեւանում հանդես կգա համերգով:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG