Մատչելիության հղումներ

Մշակույթը կարող է վերջ դնել հակամարտություններին


Հայաստանյան այս հանդիպման հիմքերը դրվել են դեռ 2005 թվականի աշնանը՝ Կարսում կայացած Կովկասյան մշակութային փառատոնի ժամանակ: Այնտեղ նույնպես հավաքվել էին արվեստագետներ կովկասյան երկրներից ու Թուրքիայից եւ քննարկում էին, թե ինչպես միմյանց հետ մշակութային կապեր հաստատելով, կարելի է ավելի մոտիկից ճանաչել իրար եւ փորձել համագործակցության եզրեր գտնել: Հենց Կարսում էլ Հայաստանի ներկայացուցիչ, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը փառատոնի մասնակիցներին հրավիրել էր Երեւան:

«Որոշեցինք, որ կփորձենք համագործակցել: Սա Թուրքիայի ներկայացուցիչների առաջին այցն է: Նրանք եկել եւ Թբիլիսիից եւ դեռ գնալու են Բաքու: Խումբը ուսումնասիրելու է, թե ինչ համատեղ ծրագրեր կարելի է իրականացնել մշակույթի ոլորտում», - ասաց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրենը:

Այշե Թութունջուն երաժիշտ է, Հայաստան է եկել Ստամբուլից:
Որպես երաժիշտ՝ Ստամբուլում շատ լավ ուսումնասիրել է Արամ Խաչատրյան ու Կոմիտաս, այժմյան հայ երաժիշտներից ծանոթ է Արտո Թունջբոյաջյանի հետ: Սակայն երեւանյան այցելությունը Այշայի համար առաջինն է:

«Ես դեռ վաղուց Լեւոն անունով մի ընկեր ունեմ Ստամբուլում, բայց Երեւանը չէի տեսել եւ Երեւան ասելով ոչինչ չէի պատկերացնում: Հիմա արդեն իմ մտքում ունեմ մի պատկեր, արդեն եկել եմ ու տեսել եմ Երեւանը: Բնականաբար, այս այցելությունները կարող են շարունակվել, փոխհարաբերությունները կարող են զարգանալ, սակայն այս դեպքում ես ունեմ ձեր օգնության կարիքը», - ասում է Այշե Թութունջուն:

Լուսանկարիչ Օզջան Յորդալան նույնպես առաջին անգամ է Հայաստանում: Նա արդեն հասցրել է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում սովորող ֆոտոլրագրողներին վարպետության դասեր տալ եւ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու Ցեղասպանության թանգարան: Նրա խոսքով, Թուրքիայում այդ պատճառով իր եւ մնացած թուրք արվեստագետների համար խնդիրներ չեն ծագի: «Մենք, այո, այցելել ենք Ծիծեռնակաբերդ, սակայն առաջինը չենք, որ այցելում ենք այնտեղ, եւ խնդիր չենք ունենա, քանի որ Թուրքիայում չկա այնպիսի օրենք, որը արգելում է այցելել որեւէ թանգարան կամ հուշահամալիր», - ասում է լուսանկարիչը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել են նաեւ ծրագրի ադրբեջանցի մասնակիցները, սակայն, ի տարբերություն Թուրքիայից ժամանած մշակութային գործիչների, նրանք չմասնակցեցին լրագրողների հետ հանդիպմանը եւ ցանկացան գաղտնիություն պահպանել՝ խնդրելով չձայանգրել եւ չհրապարակել իրենց անունները: Հակառակ դեպքում՝ Ադրբեջանում իրենք բավական լուրջ խնդիրներ կունենան: Եվ դա անհիմն զգուշավորություն չէր նրանց կողմից, քանի որ նրանցից մեկն արդեն զրկվել էր աշխատանքից՝ Հայաստան կատարած իր առաջին այցելությունից հետո:

Նրանցից, սակայն փորձեցինք ճշտել, թե որքան հայ է է այժմ բնակվում Ադրբեջանում: Կոնկրետ թիվը, նրանց կարծիքով, ոչ ոք չգիտի: Այնտեղ բնակվում են հիմնականում ադրբեջանցիների հետ ամուսնացած հայ կանայք, որոնց շատ դժվար է հայտնաբերելը: Նրանք գերադասում են չհրապարակել իրենց հայկական ինքնությունը եւ ապրել ինչպես բոլորը:

Իսկ ճիշտ է արդյո՞ք, որ Ռամիլ Սաֆարովին ադրբեջանցիները դարձրել են իրենց ազգային հերոսը, հարցին նրանք պատասխանեցին. - «Հայաստանում ավելի շատ են նրա անունը հիշում, քան Ադրբեջանում: Կա, իհարկե, բնակչության մի փոքր հատված, որն այդ դեպքին դրական կամ բացասական գնահատական է տալիս, սակայն ադրբեջանցիների մեծամասնությունը ընդհանրապես որեւէ կերպ չի արձագանքում եւ չի հիշում նրան»:

Հակամարտությունների ու խնդիրների հիմքը Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները համարում են շփման բացակայությունը: Ու թեեւ իրենք չեն ներկայացնում իրենց պետությունների պաշտոնական դիրքորոշումը, հավատում են, որ նման հանդիպումները կստեղծեն այն մթնոլորտը ազգերի մեջ, որը հետագայում հիմք կդառնա հակասությունների լուծման համար:

«Քանի որ ես արվեստագետ եմ, որեւէ երկրի ներկայացուցիչ չեմ եւ գիտեմ, որ Թուրքիայի արվեստագետների մեծ մասը ինձ պես է մտածում: Այդպիսի մարդիկ շատ են նաեւ Վրաստանում ու Ադրբեջանում: Մենք ցանկանում ենք համագործակցել, մասնակցել համատեղ ծրագրերին՝ այդպիսով ասել մեր խոսքը», - ասում է Այշե Թութունջուն եւ շարունակում. - «Թուրքիայում ժողովրդի կողմից շատ կարեւորվում է արվեստագետների կարծիքը, եւ ժողովուրդը, հարգելով իր արվեստագետներին, հարգում է նաեւ նրանց կարծիքն ու ուղերձները: Սակայն, միայն արվեստագետների գործունեությունը բավարար չէ: Շատ կարեւոր են նաեւ լրատվամիջոցները եւ նրանց կարծիքը այս խնդրի վերաբերյալ»:

Նման հանդիպումները, բնականաբար, կունենան նաեւ շարունակություն: Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ նման տիպի համագործակցությունն կարող է լինել արվեստի տարբեր բնագավառներում:

«Գաղափարներից մեկը, որը հաստատ իրականացվի, չորս երկրներում թուրք լուսանկարիչների ցուցահանդեսի կազմակերպումն է: Հաջորդը, որը դեռ միայն գաղափար է՝ Անիի պատմությունը չորս լեզուներով տպագրելն է», - հայտնեց քաղաքագետը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG