Մատչելիության հղումներ

Բուդապեշտում այսօր տեղի կունենա հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դատավարության հերթական նիստը:

Երեկ Սաֆարովի փաստաբան Ադիլ Իսմայլովը հայտարարել է, թե հանդիպել է պաշտպանյալին, եւ վերջինս «լրջորեն նախապատրաստվել է այսօրվա նիստին»: Դատապաշտպանի վկայությամբ, Սաֆարովի հիմնական նպատակն է բացատրել աշխարհին, թե ինչն է դրդել իրեն կացնահարել Գուրգեն Մարգարյանին: Իսմայլովը նաեւ նշել է, թե առայժմ տեղեկությունների չունի Սաֆարովի հերթական դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին:

Մինչ այդ Սաֆարովը եւ նրան պաշտպանող թիմը ընտրել էին ամբաստանյալի անմեղսունակությունն ապացուցելու մարտավարությունը: Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերը պաշտպանող փաստաբան Նազելի Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Եթե իրենք որոշել են համայն հանրությանը տեղյակ պահել, թե ինչու է Սաֆարովը կատարել այդ հանցագործությունը եւ նոր փաստարկներ բերել, դա կարող է նոր բան լինել»:

«Նախաքննության ընթացքում արված հակահայկական հայտարարություններից հետո Սաֆարովը դատական առաջին նիստում ընթերցեց փաստաբանների պատրաստած ճառը, որում զղջում էր կատարվածի համար: Դրանից հետո կայացած բոլոր հինգ նիստերի ընթացքում Սաֆարովը որեւէ բառ չի ասել, նույնիսկ ի վնաս իրեն հրաժարվել է պատասխանել հարցերին: Հիմա եթե որոշել է ինչ-որ բան ասել, դա հետաքրքիր կլինի լսել», - նշեց փաստաբանը:

Արդյո՞ք դա նշանակում է, որ այս վերջին՝ թվով չորրորդ դատաբժշկական փորձաքննության արդյունքը այլեւս չի բավարարում ադրբեջանցի սպային եւ նրա պաշտպաններին: Երրորդ փորձագետի բուն գործունեությունը եւ եզրակացությունները լուրջ կասկածներ էին առաջացրել անաչառության առումով, ինչն էլ ստիպել էր չեղյալ համարել այդ եզրակացությունը եւ նոր փորձաքննություն նշանակել:

Սաֆարովի հոգեկան վիճակի վերաբերյալ արված առաջին երկու փորձաքննությունները տարակարծությունների առիթ էին տվել, քանի որ առաջին անգամ հունգարացի հոգեբանները որոշել էին, որ 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի դասընթացների ժամանակ 26-ամյա հայ սպային դաժանաբար կացնահարած ադրբեջանցի զինծառայողը մեղսունակ է, իսկ երկրորդ անգամ՝ թե Սաֆարովը լիովին չէր կարող վերահսկել իր գործողությունները, այսինքն՝ սահմանափակ մեղսունակ է:

«Դատարանը օբյեկտիվ մոտեցավ այս հարցին, ճիշտ գնահատական տվեց վերջին երկու փորձագետների եզրակացություններին եւ նոր փորձաքննություն նշանակեց: Բացի այդ, դեկտեմբերի 15-ին դատախազը միջնորդություն ներկայացրեց, որ հրավիրվեն դատարանում դեռեւս չհարցաքննված երկու վկաներ», - եզրափակեց Նազելի Վարդանյանը:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG