Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, հատկապես Ռամբույեի բանակցություններից հետո հայ-ադրբեջանական շփման գոտում բավական հաճախակի են դարձել ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դեպքերը: Նրա խոսքերով, վերջին շրջանի լարված իրավիճակը ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունների արդյունք է:

Եթե նախորդ ամիսներին շփման գոտում հրադադարի խախտման դեպքեր արձանագրվում էին 15 օրը կամ ամիսը մեկ անգամ, ապա վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր ադրբեջանական կողմից հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է արձակվել: Այսպես, մարտի 4-ին եւ 5-ին ադրբեջանական ուժերը կրակ են բացել Մեհրաբի, Իջեւանի եւ Վայքի զորամասերի մարտական դիրքերի ուղղությամբ, մարտի 2-ին եւ 3-ին՝ Իջեւանի զորամասերի ուղղությամբ: Արդյունքում զոհվել է մեկ ժամկետային զինծառայող՝ 19-ամյա շարքային Արսեն Զաքեւոսյանը:

Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, ճակատային գծում արձանագրված հրադադարի խախտումները պետք է դիտարկել ընդհանուր ֆոնի վրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը, զիջումների բացառումը ու հակահակայան հիստերիայի սանձազերծումը: Այս պայմաններում, ըստ նրա, հրադադարի խախտումները ավելի լուրջ վտանգ են ներկայացանում:

«Ընդհանրապես պատերազմի սաստկացումը դեռ 90-ականներին թվականներին այս կամ այն փուլում. չէ՞ որ այն ժամանակ էլ ժամանակ առ ժամանակ դադարում էր... Հետո սաստկանում էր: Սաստկանում էր, երբ մենք պարտավորված էինք լինում լռեցնել ինչ-որ կետ: Եթե այդ կետը լռեցնելու համար պետք էր ինչ-որ շրջան ազատագրել ադրբեջանական զինված խմբավորումներից, ապա դա էլ էր արվում: Հիմա, եթե այդ կրակոցները լուրջ սպառնալիք դառնան մեր անվտանգությանը՝ ինչ-որ գյուղերի, ինչ-որ բնակավայրերի կամ զինված ստորաբաժանումների, ապա միգուցե անհրաժեշտություն առաջանա լռեցնել այդ կետերը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նման իրավիճակ է ստեղծվել այն պահից, երբ Ադրբեջանը խաղաղ լուծումներ գտնելու փոխարեն, սկսեց խոսել հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին:

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար անդամ Մհեր Շահգելդյանը, մինչդեռ, չի կարծում, որ այս պահին պատերազմի հավանականությունը շատ է մեծացել: «Որ այս կրակոցները նշանակում են պատերազմի սկիզբ, ես այդպես չեմ կարծում: Ուղղակի իսկապես մշտական պատրաստության խնդիրը պետք է լինի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG