Մատչելիության հղումներ

Հայաստանը «ռուսաստանամետ առեւտրային առանցքի» երկրների խմբում է


Համաշխարհային բանկի փորձագիտական խումբը վերջերս հրապարակել է մի հաշվետվություն՝ «Ապաինտեգրումից վերաինտեգրում. Արեւելյան Եվրոպան եւ նախկին Խոհրդային Միությունը միջազգային առեւտրում» վերնագրով։ Ուսումնասիրության հեղինակները, գնահատելով նախկին սոցիալիստական 27 երկրների արտաքին առեւտրի զարգացումները, եզրակացրել են, որ բաց առեւտուրն այս տարածաշրջանում վերջին տասնամյակում ավելի արագ է աճել, քան աշխարհի որեւէ այլ տարածաշրջանում։


Այդուհանդերձ, փորձագետները նկատել են, որ տարածաշրջանի որոշ երկրներ այդ առեւտրում ավելի շատ օգուտներ են քաղել, քան մյուսները։ Հետազոտությունն անցկացրած փորձագիտական խմբի ղեկավար Հարրի Բրոդմանը ասել է, թե «տարածաշրջանում երկբեւեռ համակարգ է ձեւավորվում։ Բեւեռներից մեկը հակված է դեպի Արեւմտյան Եվրոպայի առավել զարգացած պետությունների հետ առեւտուրը եւ համեմատաբար մեծ եկամուտներ ունի։ Մյուս բեւեռն առավել աղքատ է եւ ռուսաստանամետ ոլորտ վերադառնալու միտում ունի»։

Վերջին խումբը, ըստ հետազոտության հեղինակների, ընդգրկում է ԱՊՀ երկրների մեծամասնությանը։ Հայաստանը եւս երկրների այս խմբի մեջ է, թեեւ Եվրոպայի հետ մեր երկրի առեւտրի ծավալները բավականաչափ տպավորիչ են։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2005 թվականի տվյալների, Եվրոպական միության բաժինը Հայաստանի արտաքին առեւտրում համեմատած 2004 թվականի հետ էապես աճել է՝ 29 տոկոսից հասնելով 35 տոկոսի։ Փոխարենը Հայաստանի արտաքին առեւտրում շոշափելիորեն նվազել է այլ տարածաշրջանի երկրների՝ մասնավորապես Իսրայելի, Միացյալ Նահանգների, Իրանի եւ Շվեյցարիայի բաժինը։

Այս ֆոնին, թերեւս բացառություն է Թուրքիայի հետ երրորդ երկրների տարածքով իրականացվող պաշտոնական առեւտրի ծավալների շուրջ 40 տոկոսանոց աճը. բացարձակ թվերով այդ երկրի հետ Հայաստանի առեւտուրը 46 միլիոն դոլարից հասել է 66 միլիոնի, թեեւ, ոչ պաշտոնական գնահատումներով, առեւտրի իրական ծավալները այդ թվի առնվազն եռապատիկն են կազմում։ Մյուս կողմից, ակնհայտ է Իրանի հետ Հայաստանի առեւտրի մասաբաժնի կրճատումը. 2004 թվականի 4,5 տոկոսի դիմաց 2005-ի վերջին այն կազմել է 4 տոկոս:

Միաժամանակ, ակնառու է Ռուսաստանի հետ Հայաստանի առեւտրի ծավալների շուրջ 50 տոկոսանոց աճը։ Ընդ որում, դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանումն ավելացել է 52, իսկ ռուսական ապրանքների ներմուծումը՝ շուրջ 45 տոկոսով։ Այդուհանդերձ, ԱՊՀ երկրների հետ առեւտրում ամենամեծ աճ ունեցել է Բելառուսի եւ Ուկրաինայի հետ Հայաստանի առեւտուրը՝ 50-70 տոկոս։

Համաշխարհային բանկի փորձագետները զեկույցում ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ «ռուսաստանամետ առեւտրային առանցքի» երկրների մեծ մասում շատ դանդաղ է ընթանում ծառայությունների հատվածի աճը եւ դրանցով կատարվող առեւտուրը։ Ծառայությունների հատվածը ռուսաստանամետ առանցքի երկրներում, որպես կանոն, փակ է, եւ ծանրաբեռնված է պետական կոշտ կարգավորումներով, հաճախ էլ իբրեւ մենաշնորհ հանձնված է այս կամ այն ընկերությանը։ Խոսքը առաջին հերթին հեռահաղորդակցության շուկայի ծառայությունների մասին է։ Փորձագետները Հայաստանի հարցում ուշադրություն են հրավիրել հեռահաղորդակցության ոլորտի մենաշնորհի վրա։

Ծառայությունների ոլորտի բաժինը հարավկովկասյան եւ միջինասիական երկրների Համախառն ներքին արդյունքի մեջ չի գերազանցում 2 տոկոսը, նույնիսկ Ռուսաստանում եւ Ուկրաինայում այն 6- 8 տոկոս է կազմում։ Մինչդեռ, եվրոպամետ առանցքի երկրներում ծառայությունների բաժինը անցնում է Համախառն ներքին արդյունքի 50 տոկոսից։

Համաշխարհային բանկի փորձագետները իրենց զեկույցում ուշադրություն են դարձրել նաեւ այն հանգամանքի վրա, թե տարածաշրջանի երկրների առեւտուրը, մասնավորապես, արտահանումը որքանով է զանազանակերպ (դիվերսիֆիկացված)։ Այդ տեսակետից չափազանց աննպաստ վիճակում են էներգակիրներ ու հանքային ծագում ունեցող այլ ռեսուրսներ վաճառող երկրները։ Նավթ, գազ, կամ մետաղները վաճառող այդ երկրները չափազանց փոքր ավելացված արժեք կամ մաքուր եկամուտ են ստանում։ «Նման երկրները, որպես կանոն, ի վիճակի չեն ստացված եկամուտների հիման վրա լրջորեն արդիականացնել իրենց տնտեսությունները», - նկատել են բանկի մասնագետները։ Մյուս կողմից, կան երկրներ, որոնց հաջողվել է իրենց արտաքին կապերը ինտեգրել այսպես կոչված միջազգային ցանցային առեւտրի մեջ։ Ըստ փորձագետների, Հայաստանի պարագայում այդպիսի ոլորտ է մասնակցությունը մշակված ադամանդերի համաշխարհային առեւտրին։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG